ՄԱՅԻՍԻ 10. «ԱՍՏԾՈ ՇՆՈՐՀԸ ՖԻՆԱՆՍՆԵՐՈՒՄ»

Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը

Երեք հիմնական սկզբունքներ կան, որոնք ղեկավարում են Աստծո շնորհի ընթացքը։ Առաջին՝ շնորհն անհնար է վաստակել, այսինքն՝ այն, ինչ կարելի է վաստակել, շնորհ չէ։

«Բայց եթե շնորհով է, էլ գործերից չէ, ապա թե ոչ՝ շնորհքն էլ շնորհք չի լինի, բայց եթե գործերից է, էլ շնորհք չէ, ապա թե ոչ՝ գործն էլ գործ չէ»։

Հռոմեացիներին 11:6

Այս սկզբունքն ամենակրոնավոր մարդկանց դուրս է թողնում Աստծո շնորհից, որովհետև նրանք կարծում են, որ կարող են այն վաստակել։

Երկրորդ՝ շնորհ ստանալու միայն մեկ ուղի կա․

«Որովհետև օրենքը Մովսեսի ձեռքով տրվեց, շնորհքը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով եղավ» (Հովհաննես 1:17)։

Ամեն տեսակ շնորհ, որ գալիս է մեզ վրա, գալիս է միմիայն Հիսուս Քրիստոսի միջոցով։

Երրորդ՝ միայն մեկ միջոց կա, որով կարող ենք յուրացնել Աստծո շնորհը, և դա հավատքն է։ Այս ճշմարտությունն ամփոփված է Եփեսացիներին 2:8-9 հատվածի երեք հաջողակ արտահայտությունների մեջ. «Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով… Ոչ թե գործերից [որը մենք ենք վաստակում]»։

Քրիստոնյաներից քչերն են հասկանում, որ այս սկզբունքը ֆինանսական ու նյութական հոգածության ոլորտում գործում է ճիշտ այնքան, որքան այն գործում է մեր կյանքի այլ բնագավառներում։ Սուրբ Գիրքը մեզ հատկապես զգուշացնում է անպատասխանատվության (Առակաց 10:4), ծուլության (Առակաց 24:30-34) և անազնվության (Եփեսացիներին 4:28) համար։ Քանի դեռ մենք հանցավոր ենք այս մեղսալի վարմունքներից որևէ մեկի մեջ, մենք ոչ մի իրավունք չունենք ակնկալելու, որ Աստծո շնորհը կգործի մեր կյանքի ֆինանսական ոլորտում։ Ուրեմն, որպես քրիստոնյաներ, մենք պարտավոր ենք լինել ազնիվ, աշխատասեր և պատասխանատու։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ խաչի վրա Հիսուսը վերցրեց իմ աղքատությունը և Աստծո շնորհն արձակեց ինձ վրա՝ ֆինանսական և նյութական հոգածության ոլորտում, որովհետև Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը։ Ամեն: