ՄԱՅԻՍԻ 11. «ԿԱՏԱՐԵԼՈՎ ԱՍՏԾՈ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»
Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը
Մենք պետք է մի կարևոր տրամաբանական տարբերակում դնենք Աստծո շնորհը վաստակելու, որն անհնար է, և Աստծո պայմանները կատարելու միջև, որը պարտադիր է։ Մենք չենք կարող վաստակել Աստծո լիառատությունը, որը գալիս է միայն շնորհի միջոցով, ինչևիցե, մեզանից պահանջվում է կատարել այն պայմանները, որ Աստված դրել է հավատքով Իր լիառատությունն ստանալու համար։ Եթե մենք չկատարենք այս պայմանները, ապա մեր հավատքը ոչ մի հոգևոր հիմք չի ունենա։ Իրականում այն լոկ ենթադրություն կլինի։
Որպեսզի կատարենք Աստծո պայմանները, մեր շարժառիթներն ու վերաբերմունքը պետք է ճիշտ լինեն։ Մենք բոլորս լավ կանեինք՝ շատ զգուշությամբ քննեինք մեր շարժառիթները, հատկապես գումարային ձեռքբերումների առնչությամբ։ Փողին առնչվող անմաքուր շարժառիթները ներառում են.
1. ունեցվածքը կուռք դարձնելը («Ագահությունը…կռապաշտություն է» (Կողոսացիներին 3:5), «Արծաթասիրությունն ամեն չարիքների արմատն է» (Ա Տիմոթեոս 6:10),
2. մեղսալից մեթոդներով ունեցվածք ձեռքբերելը («Անիրավությամբ հարստություն շինողը իր չածածովը թխսող կաքավի պես է» (Երեմիա 17:11), (տես նաև՝ Առակաց 28:8),
3. ապահովության ու բարեկեցության համար վերջին հաշվով ունեցվածքին վստահելը («Իր հարստությանը հուսացողը վայր կընկնի» (Առակաց 11:28), «Հարուստն իր հարստությունով չպարծենա» (Երեմիա 9:23), ունեցվածքն օգտագործելը եսասիրական նկատառումներով կամ անձնական շահերի համար («Չափից դուրս խնայողը կա, սակայն կարոտության է հասնում» (Առակաց 11:24)։
Ղուկաս 12:16-21-ում Հիսուսն անդրադարձավ հարուստ մարդու առակին, ով ավելի մեծ շտեմարաններ կառուցեց և լցրեց դրանք իր բերքով։ Սակայն Տերն ասաց նրան. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն» (խոսք 20)։ Այնուհետև Հիսուսն ավելացրեց. «Այսպես էլ նա, որ իր անձի համար գանձ է հավաքում և Աստծով չէ հարուստ» (խոսք 21): Առաջին հերթին մենք պետք է առատաձեռն լինենք Աստծո հանդեպ՝ տասանորդներ և զոհաբերություններ տալով Իր արքայությունը կառուցելու համար։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ հավտքով ընդունում եմ Աստծո լիառատությունն ինձ համար, քանի որ կատարում եմ Իր պայմանները, որովհետև Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք Իր առատությանը։ Ամեն: