ՄԱՅԻՍԻ 8. «ՆՐԱ ԼԻԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը
Սուրբ Գրքի շատ հատվածներ հիմնավորում են այն փաստը, որ Հիսուսը կրեց աղքատության անեծքը։ Եկե՛ք առանձնահատուկ կերպով անդրադառնանք դրանցից երկուսին՝ սկսելով 2-րդ Կորնթացիներին 8:9-ից. «Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացավ նա, որ հարուստ էր, որ դուք նրա աղքատությունով հարստանաք»։ Այս խոսքը մեջբերելիս ես վերջին հատվածն այսպես էի ասում. «հարուստ դառնաք»։ Սակայն Սուրբ Հոգին ինձ ցույց տվեց, որ այստեղ նկատի ունի «հարուստ լինեք»։ Մենք կարող ենք հարուստ դառնալ, իսկ հետո՝ կրկին աղքատ դառնալ, բայց հարուստ «լինելը» մնայուն է։ Հիսուսը վերցրեց չարը՝ աղքատությունը, որպեսզի մենք ունենանք բարին՝ հարստությունը։ Հիսուսը վերցրեց մեր աղքատությունը, որ մենք ունենանք իր հարստությունը։
Որոշ մարդիկ ասում են, որ Հիսուսն աղքատ է եղել իր ամբողջ երկրային ծառայության ընթացքում, բայց ես չեմ կարող սա ընդունել որպես ճշգրիտ գաղափար։ Մենք կարիք ունենք մեր մտքի մեջ պահպանել հարստության և լիառատության տարորոշումը։ Հիսուսը ոչ թե հարուստ էր մեծ բանկային հաշիվ կամ շատ նյութական ստացվածք ունենալու իմաստով, այլ նա հաստատապես լիառատություն ուներ։ Ցանկացած մեկը, ով կարող է կերակրել հինգ հազար տղամարդկանց ամբոխը (կանանց ու երեխաների հետ միասին), ամենևին էլ աղքատ չէ։ Իրականում, Հիսուսը մոտ տասներկու հազար մարդ կերակրելուց հետո ավելի շատ մնացորդ ունեցավ, քան նախքան կերակրելը կար ( տես՝ Մատթեոս 14:15-21)։ Լիառատության ի՜նչ գեղեցիկ պատկեր։
Բացի այդ, Հիսուսն այս լիառատությունը փոխանցեց իր աշակերտներին։ Երբ նա աշակերտներին ուղարկեց տարածելու ավետարանի պատգամը, նրանց պատվիրեց, որ ոչ մի ավել բան չվերցնեն իրենց հետ։ Իսկ այնուհետև նրանք վկայում են, որ ոչ մի բանի կարիք չունեցան (տես՝ Ղուկաս 22:35)։ Սա աղքատությու՛ն չէ։
Հիսուսը երբեք չանհանգստացավ ու չշփոթվեց։ Նա հանդարտությամբ և կատարելապես վերահսկում էր ամեն մի իրավիճակ։ Նա ամենևին չերկմտեց, որ իր Հոր բարությունը կհոգա իր ամեն կարիքները։ Իսկ Հայրը նրան երբեք հուսախաբ չարեց։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ դու ինձ համար կրեցիր աղքատության անեծքը, որ ես ունենամ քո հարստությունը։ Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը։ Ամեն: