ՄԱՅԻՍԻ 9. «ԲՈԼՈՐ ՇՆՈՐՀՆԵՐԸ. ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԵՎ ԱՎԵԼԻՆ»
Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը
Աղքատությունը ենթադրում է «սով…,ծարավ…,մերկություն… և ամեն կարոտություն» (Երկրորդ Օրինաց 28:48)։ Հիսուսը ճշգրիտ ե՞րբ աղքատ դարձավ։ Նա սկսեց աղքատ դառնալ այն պահին, երբ նույնացավ մեր մեղքերի հետ։ Այդ պահից սկսած՝ նա ավելի ու ավելի խորացավ աղքատության մեջ, մինչև որ խաչի վրա նա ներկայացրեց վերը նկարագրված բացարձակ աղքատությունը։
Հասկացե՛ք՝ խաչի վրա իր աղքատությունը միայն հոգևոր աղքատություն չէր։ Նա ֆիզիկապես և նյութապես նույնպես աղքատ էր։ Հետևաբար, տրամաբանության բոլոր օրենքներով, մեր հարստությունը նույնպես լոկ հոգևոր չի լինելու։ Հիսուսը ֆիզիկական, նյութական իմաստով բացարձակ աղքատացավ, որպեսզի մենք հարստանանք՝ հոգալով մեր բոլոր ֆիզիկական ու նյութական կարիքները, և մնացորդ էլ ունենանք այլ մարդկանց տալու համար։
2-րդ Կորնթացիներին 9:8-ը այսօր ուսումնասիրվելիք երկրորդ առանձնահատուկ խոսքն է, որը հիմնավորում է այն փաստը, թե Հիսուսը կրեց աղքատության անեծքը. «Բայց Աստված կարող է ամեն շնորհքներն ավելացնել ձեզանում, որ ամեն բանի մեջ ամեն ժամանակ ամեն բավականություն ունենալով ամեն բարի գործի համար ավելանաք»։ Աստված ժլատ չէ։ Նա տալիս է ոչ միայն բավականաչափ, այլ ՝ բավականաչափ և ավելին։ Դա լիառատություն է։ Վերոնշյալ խոսքում ավելանալ բառի երկու օրինակ կա, և ամեն բառի՝ չորս օրինակ։ Չգիտեմ, թե սրանից պարզ էլ ինչպես կարելի է ասել։ Արդյոք ի՞նչ է սա։ Սա Աստծո շնորհն է։
Բավականին հետաքրքիր է, որ 2-րդ Կորնթացիներին 8-ում և 9-ում՝ փողի հետ առնչվող այս երկու գլուխներում, բանալի բառը շնորհն է։ Այն յոթ անգամ հանդիպում է 8-րդ գլխում և երկու անգամ՝ 9-րդ գլխում։ Շնորհն է, որ գործում է փողի ոլորտում։ Ինչևէ, քրիստոնեական դավանություն ունեցողներից քչերն են հասկանում Աստծո շնորհի էությունը։ Երբեմն ես տեսել եմ, որ նրանք, ովքեր ամենաշատն են խոսում շնորհի մասին, հաճախ ամենաքիչն են հասկանում այն։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը բացարձակապես աղքատացավ, որպեսզի Աստծո շնորհն առատանա ինձ համար, նույնիսկ փողի ոլորտում, որովհետև Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը։ Ամեն: