Պարծենալ խաչով
Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք Իր փառքին
Մի օր Սուրբ Հոգին ինձ հետ խոսեց լեզուների և դրանց թարգմանության միջոցով․ “Խորհի՛ր Գողգոթայում կատարված գործի մասին․ կատարյալ գործ, կատարյալ ամեն առումով, կատարյալ ամեն տեսանկյունից”։ Աստված ինձ ցույց տվեց, որ եթե ես կարողանայի լիովին հասկանալ, թե Հիսուսն ինչ արեց Գողգոթայում, ես կհանգեի նրան, որ այն կատարյալ էր ու ավարտուն։ Ոչինչ կարիք չկա ավելացնելու, և ոչ մի ավելորդ բան չկա։ Ամեն կարիք հոգացված է։ Դա ինձ դրդեց, որ ցանկանամ ավելին իմանալ խաչի մասին։ Աստիճանաբար, տարիների ընթացքում, Սուրբ Հոգին ավելի ու ավելի էր բացում Աստծո խոսքն ինձ համար․
“Սակայն ինձ քավ լիցի պարծենալ, բայց միայն Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որ Նրանով աշխարհն ինձ համար խաչված է, և ես էլ՝ աշխարհի“։
Գաղատացիներին 6։14
Միայն մեկ բան կար, որով Պողոսը պարծենում էր՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչը։ Սա շատ զարմանալի դրույթ է, երբ մտածում ես, որ Պողոսի օրերում խաչը բացարձակ մարմնացումն էր այն ամենի, ինչն ամոթալի էր և նողկալի։
Պիեռ Բարբեթը՝ մի կաթոլիկ վիրաբույժ, իր “Բժիշկը Գողգոթայում” գրքի մեջ փորձել էր ցույց տալ ու նկարագրել խաչվողի ֆիզիկական փորձառությունը։ Բայց խնդիրն այն էր, որ այդ ծանոթագրությունը ոչ մի հենարան չուներ, որովհետև անցյալ երկու դարերի ընթացքում ոչ ոք երբեք խաչյալ չի տեսել խաչի վրա։ Սա ինձ օգնեց հասկանալ, թե մեզ համար որքան հեռու կարող է լինել խաչը՝ որպես ամոթի ու չարչարանքի գործիք։
Պողոսը չէր պարծենում իր հրեա նախնիներով կամ իր հիմնած եկեղեցիներով կամ էլ իր տեսած հրաշքներով։ Նա պարծենում էր միայն խաչով։ Թո՛ղ մեզանից յուրաքանչյուրի մեջ լինի այդ նույն հոգին, որը ցանկանում է դատարկվել մարմնավոր պարծենկոտությունից, հպարտությունից և ինքնաբավ վիճակից, որպեսզի խոնարհությամբ ճանաչենք Հիսուս Քրիստոսի խաչը։
Շնորհակալությո՛ւն, Հիսո՛ւս, խաչի վրա կատարած Քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ ես կպարծենամ Հիսուս Քրիստոսի խաչով, որովհետև Հիսուսը կրեց իմ ամոթը, որ ես բաժնեկից լինեմ Իր փառքին։ Ամեն։