ՄԱՅԻՍԻ 20. «ՓԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ»
Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք իր փառքին
«Որովհետև նրանց, որ սկզբից ճանաչեց, սկզբից էլ սահմանեց իր Որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ։ Եվ որոնց սկզբից սահմանեց, նրանց կանչեց էլ, և որոնց կանչեց, նրանց արդարացրեց էլ, և որոնց արդարացրեց, նրանց փառավոր էլ արավ։ Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ, որ Իր Որդուն էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ»։
Հռոմեացիներին 8:29-32
Երբ Հիսուսի հետ նույնանում ենք նրա մահվան մեջ, մուտք ենք գործում նրա լիառատ ժառանգության մեջ։ Մենք դառնում ենք Աստծո ժառանգներն ու Հիսուսի հետ ժառանգակիցներ։ Սակայն դրա համար պետք է ընթացք անցնել։ Պողոսը հինգ փուլ է ընդգծում, որոք բոլորն էլ անցյալ ժամանակով են դրված։ Առաջին երկու քայլերը տեղի են ունենում հավիտենության մեջ՝ նախքան ժամանակի սկսելը. Աստված մեզ սկզբից ճանաչեց, սկզբից էլ սահմանեց։ Այնուհետև՝ կանչեց մեզ ավետարանի խոսքի միջոցով։ Երբ մենք արձագանքեցինք կանչին, դրանից հետո Նա մեզ արդարացրեց։ Սակայն Նա այսքանով չավարտեց. Նա փառավոր էլ արեց մեզ։ Նա բարձրացրեց մեզ, որ երկնքում Հիսուսի հետ փառքի մեջ լինենք որպես թագավորներ և քահանաներ. Նա սա կանի ոչ թե ապագայում, այլ արդեն արել է անցյալում։
«Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում՝ Աստծո աջ կողմը, վերինները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները, վասնզի դուք մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Բայց երբոր Քրիստոս՝ մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով»։
Կողոսացիներին 3:1-4
Մենք արդեն մասնակից ենք Քրիստոսի փառքին, բայց դա անտեսանելի աշխարհում է։ Որտեղ Հիսուսն է, այնտեղ ենք մենք։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ Աստված սկզբից ճանաչեց ինձ, սկզբից էլ սահմանեց, կանչեց, արդարացրեց և փառավոր արեց։ Հիսուսը կրեց իմ ամոթը, որ ես բաժնեկից լինեմ իր փառքին։ Ամեն։