ՀՈՒՆԻՍԻ 6. «ՀԻՆ ՄԵՂԱՎՈՐ ՄԱՐԴՈՒ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ»

Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից

Մեղքի բռնակալությունից ազատագրվելու համար պահանջվում է Աստծո եռակի օգնությունը։ Նախ և առաջ Նա պետք է լուծեր մեր մեղքերի ու երբևէ կատարած մեղավոր արարքների հարցը։ Քանի որ Հիսուսը խաչի վար վճարեց մեր մեղքի ամբողջ գինը, ապա Աստված կարող է ներել մեզ առանց վարկաբեկելու Իր արդարադատությունը։ Հետևաբար, Նրա օգնության առաջին մասը ներումն է։

Հետո, Աստված պետք է նաև զբաղվեր մեր ներքին ապականված բնույթով, որն էլ մեզ ստիպում էր կատարել այդ մեղսալից գործերը։ Սրա լուծումը մահապատիժն է՝ մեղավոր բնույթը մահվան մատնելը։ Բարի լուրն այն է, որ այդ մահապատիժը տեղի է ունեցել շուրջ 20 դար առաջ, երբ Հիսուսը մահացավ խաչի վրա։

Ինչևէ, սա դեռ վերջը չէր։ Աստծո նպատակն էր, որ այդ մեղավոր հին մարդը փոխարինվի Իր ստեղծած նոր մարդով։ Պողոսը սա բացատրում է Եփեսացիներին գրքում՝ ասելով.

«Ձեզանից դուրս հանեք առաջի ընթացքի պես եղող հին մարդուն, որ խաբեության ցանկությունով ապականված է, և ձեր մտքի հոգով նորոգվեք և նոր մարդուն հագեք,որ Աստծո պատկերի պես ստեղծված է՝ ճշմարտության արդարությունով և սրբությունով»։

Եփեսացիներին 4:22-24

Մենք, այնուամենայնիվ, չպետք է կարծենք, որ հին մարդը անտարբերությամբ կընդունի իր մահապատիժը։ Ընդհակառակը, նա կատաղի պայքար կմղի, երբեմն կփորձի հետ վերցնել իր վերահսկողությունը մեզ վրա։ Սա բացատրում է Պողոսի նախազգուշացնող խոսքերը Կողոսացիներին 3:3-ում, որտեղ նա ասում է. «վասնզի դուք մեռաք», այնուհետև 5-րդ խոսքում ասում է. «Ուրեմն սպանեցե՛ք ձեր անդամները, որ երկրի վրա են»։ Մենք պետք է հաստատուն հավատք ունենանք, որ մեր հին մարդու մահը ավարտված փաստ է և մենք պետք է ակտիվորեն դիմադրենք մեզ վրա կրկին իշխելու նրա փորձերին։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո ներման համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը խաչի վրա մահվան մատնեց իմ մեղավոր բնությունը՝ այն փոխարինելով նոր բնությամբ։ Ես ակտիվորեն դիմադրում եմ իմ հին մարդու՝ ինձ վրա կրկին իշխելու փորձերին՝ հռչակելով, որ ներված եմ և ազատ եմ իմ մեղքերից։ Ամեն։