ՀՈՒՆԻՍԻ 16. «ՀԱՃԵՑՆԵԼ ՀՈՐԸ»
Ես Աստծո զավակն եմ
Փիլիպեցիներին 2:3-ում Պողոսը մեզ՝ Տիրոջ ծառաներին, զգուշացնում է. «Ոչ մի բան չլինի գրգռումով և ոչ էլ սնապարծությունով»։
Տարիների ընթացքում ես հայտնաբերել եմ, որ հարատև և տարածված խնդիրներից մեկը եկեղեցում անձնական փառասիրությունն է և մրցակցությունը առաջնորդների մեջ, հատկապես՝ ծառայողների մեջ։ Գուցե սա քննադատություն թվա, սակայն թույլ տվեք ասել, որ այս հակվածությունը նախ և առաջ հայտնաբերել եմ իմ կյանքում։
Մենք հաճախ սխալմամբ հավասարեցնում ենք ապահովությունն ու հաջողությունը։ Մենք մտածում ենք՝ եթե ես կառուցեմ ամենամեծ եկեղեցին կամ մեծամասշտաբ ժողովներ անցկացնեմ և կամ իմ նամակների ցուցակում ամենաշատ անունները դիզեմ, ապա ես ապահով կլինեմ։ Բայց սա խաբկանք է։ Իրականում, որքան շատ ենք կենտրոնանում անձնական հաջողությունների վրա, այնքան անապահով ենք դառնում։ Մենք անընդհատ սկսում ենք վախ ունենալ, որ գուցե ինչ-որ մեկն ավելի մեծ եկեղեցի կառուցի կամ ավելի մեծամասշտաբ ժողով անցկացնի և կամ ավելի շատ անուններ հավաքի իր նամակների ցուցակում։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես գտել եմ իմ կատարելատիպը՝ Հիսուսին, ով ասում է. «Ինձ մենակ չի թողել Հայրը, որովհետև ես միշտ Նրան հաճելի բաներ եմ անում» (Հովհաննես 8:29): Ես այլևս չեմ շարժվում անձնական փառասիրությունից դրդված։ Ես հայտնաբերել եմ մի ավելի քաղցր ու ավելի մաքուր շարժառիթ. պարզապես հաճեցնել իմ Հորը։
Ինքս ինձ վարժեցնում եմ, որ բոլոր իրավիճակներին ու որոշումներին մոտենամ մեկ հասարակ հարցով. «Ինչպե՞ս հաճեցնեմ իմ Հորը»։ Խափանումների և ակնհայտ ձախողումների ժամանակ ես ջանում եմ իմ կենտրոնացումը հեռացնել խնդիրը լուծելու իմ փորձերից և խնդրին մոտենալ Հորը հաճեցնելու վերաբերմունքով։ Որպես Քրիստոսի ծառաներ՝ մեր մեջ չի լինի ոչ մի մրցակցություն, եթե մենք շարժվում ենք Հորը հաճեցնելու պարզ փափագով։ Ներդաշնակությունը և փոխադարձ հոգատարությունը կփոխարինեն կռիվներին ու անձնական շահի որոնումներին։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ դու փրկագնեցիր ինձ։ Ես հռչակում եմ, որ կյանքում իմ շարժառիթը իմ Հորը հաճեցնելն է, որովհետև ես Աստծո զավակն եմ։ Ամեն։