ՕԳՈՍՏՈՍԻ 29. «ԸՆՏԱՆԻՔ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ»

Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր

Մենք բոլորս Աստծո ընտանիքի անդամներն ենք, որովհետև բոլորս մեկ Հայր ունենք։ Հիսուսը մեր ավագ եղբայրն է, և մենք բոլորս նույն ընտանիքի անդամներն ենք։

Թույլ տվեք մի փոքրիկ իրադարձություն պատմել, որը միշտ հիշում եմ, երբ Աստծո ընտանիքի մասին եմ մտածում։ Այն պատահեց, երբ որոշ շոտլանդացի քրիստոնյաներ սարերում խստագույնս հալածվում էին անգլիական բանակի կողմից։ Հավատացյալների գաղտնի ժողովին գնալիս մի շոտլանդացի աղջիկ ձերբակալվեց անգլիացի ոստիկանի կողմից, ով աղջկան հարցրեց, թե նա ուր է գնում։ Նա չէր ուզում ստել, բայց նաև չէր ուզում մատնել իր հավատացյալ քույր-եղբայրներին, այսպիսով նա իր սիրտը բերեց Տիրոջ առաջ և Նրանից պատասխան խնդրեց։ Աղջիկն ահա այսպես պատասխանեց ոստիկանին. «Իմ ավագ եղբայրը մահացել է, և ես ճանապարհվում եմ դեպի իմ հոր տուն՝ կտակը կարդալու»։

Սա լավ պատասխան էր։ Հիսուսը ավագ եղբայրն է, Աստված մեր Հայրն է, և դա մեր Հոր տունն է։

Ո՞րն է ընտանիքի հիմնական հատկանիշը։ Հավատում եմ, որ դա ընդհանուր կյանքի աղբյուրն է։ Հայր Աստված մեր բոլորի կյանքի աղբյուրն է, և մենք միաբան ենք նրա ընտանիքի մեջ։ Նրա ընտանիքը ո՛չ հաստատություն է, ո՛չ կազմակերպություն, այլ մի կյանքի աղբյուր է, որին բաժնեկից ենք բոլորս։

Ի՞նչ է պահանջվում մեզանից՝ որպես Աստծո ընտանիքի անդամներ։ Կարծում եմ, որ դա փոխադարձ ընդունելությունն է։ Հիսուսը մեզ եղբայրներ է կոչում, քանի որ Աստված մեզ Իր որդիներն է կոչում։ Եթե Աստված մեր հավատացյալ դրկիցներին Իր որդիներն է կոչում, ապա մենք պարտավոր ենք նրանց մեր եղբայրները կոչել։ Միշտ չէ, որ սա հեշտ է։ Դու կարող ես ընկերներ ընտրել քեզ համար, սակայն դու չես ընտրում քո ընտանիքը։ Նույնիսկ այս դեպքում մենք պետք է ընդունենք միմյանց։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Հռչակում եմ, որ ես Աստծո ընտանիքի անդամ եմ. Աստված իմ Հայրն է, Հիսուսը՝ իմ ավագ եղբայրը։ Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր։ Ամեն։