Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ22
  • 1Եւ Դաւիթն ասեց Տիրոջը այս երգի խօսքերն այն օրը, երբոր Տէրը նորան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից եւ Սաւուղի ձեռքից։
  • 2Տէրը իմ վէմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։
  • 3Աստուած իմ ժայռն է. ես նորան եմ յուսացած. Իմ վահանը եւ իմ փրկութեան եղջիւրը, իմ բարձրութիւնն ու ապաստանը, Իմ ազատիչը. Դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։
  • 4Օրհնեալն եմ կանչում՝ Եհովան, եւ կ’ազատուիմ իմ թշնամիներիցը։
  • 5Որովհետեւ մահուան ալիքներն ինձ պաշարեցին, Կորուստի վտակներն ինձ տագնապեցրին։
  • 6Դժոխքի լարերը պատեցին ինձ. Մահուան որոգայթներն իմ առաջն առան.
  • 7Իմ նեղութեան մէջ Տիրոջը կանչեցի, Եւ իմ Աստուծուն աղաղակեցի. Եւ նա լսեց իր տաճարիցն իմ ձայնը. Եւ իմ աղաղակը նորա ականջին հասաւ։
  • 8Այն ժամանակ երկիրը սասանուեց ու դողաց, Երկնքի հիմունքը սարսուեցան, Եւ սասանուեցան, որովհետեւ նա բարկացաւ։
  • 9Նորա քթիցը ծուխ ելաւ, Եւ նորա բերանիցը մաշող կրակ. Կայծակներ փայլատակուեցան նորանից։
  • 10Եւ նա խոնարհեցրեց երկինքն, եւ իջաւ. Եւ մէգ կար նորա ոտների տակ։
  • 11Եւ նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ, Եւ երեւեցաւ հողմի թեւերի վերայ։
  • 12Խաւարն իր շուրջը վարագոյր դրաւ՝ Թանձր ջրերը՝ օդեղէն ամպերը։
  • 13Նորա առաջի ճաճանչիցը Կրակի կայծակներ բորբոքուեցան։
  • 14Երկնքիցը որոտաց Տէրը, Եւ Բարձրեալը տուաւ իր ձայնը։
  • 15Եւ նետեր ուղարկեց ու նորանց ցրուեց, Կայծակներ՝ ու նորանց խռովեցրեց։
  • 16Եւ երեւեցան ծովի յատակները, Յայտնուեցան երկրի հիմունքը, Տիրոջ յանդիմանութիւնովը, Նորա բարկութեան հողմի փչելուցը։
  • 17Բարձրիցն ուղարկեց՝ ինձ բռնեց. Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։
  • 18Ինձ ազատեց զօրաւոր թշնամիիցս, Ինձ ատողներիցս՝ որ ինձանից ուժեղ էին.
  • 19Իմ առաջն առան իմ դժբաղդութեան օրը. Բայց Տէրն ինձ նեցուկ եղաւ։
  • 20Եւ նա ինձ հանեց լայնարձակ տեղ. Ինձ փրկեց. Որովհետեւ ինձ հաւանեց։
  • 21Ինձ վարձատրեց Տէրն իմ արդարութեան համեմատ, Իմ ձեռքի մաքրութեան պէս հատուցրեց ինձ։
  • 22Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները, Եւ իմ Աստուծոյ դէմ ամբարշտութիւն չ’արի։
  • 23Որովհետեւ նորա բոլոր իրաւունքներն իմ առաջին են. Եւ նորա օրէնքներիցը չ’հեռացայ։
  • 24Եւ նորա առաջին կատարեալ եղայ. Ու զգուշացայ իմ անօրէնութիւնիցը։
  • 25Եւ ինձ հատուցրեց Տէրն իմ արդարութեան պէս, Իմ մաքրութեան պէս՝ նորա աչքերի առաջին։
  • 26Սուրբի հետ սուրբ ես, Կատարեալ մարդի հետ կատարեալ ես.
  • 27Մաքուրի հետ մաքուր ես, Եւ ծուռի հետ ծռվում ես։
  • 28Եւ դու վշտացած ժողովրդին փրկում ես. Եւ աչքերդ բարձրերի վերայ է որ կործանես։
  • 29Որովհետեւ դու ես իմ ճրագը, ով Տէր. Եւ Տէրը լուսաւորելու է իմ խաւարը։
  • 30Որովհետեւ քեզանով կ’վազեմ գունդի վերայ. Իմ Աստուծով պարսպից կ’անցնեմ։
  • 31Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը զտուած է. Նա վահան է բոլոր իրան յուսացողներին։
  • 32Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Եհովայից. Ու ո՞վ է Վէմ բացի մեր Աստուածանից։
  • 33Աստուած է իմ զօրաւոր բերդը. Ու կատարեալին տանում է իր ճանապարհովը։
  • 34Նա հաստատեց իմ ոտքերն ինչպէս եղջերուինը, Եւ իմ բարձր տեղերի վերայ կանգնեցրեց ինձ։
  • 35Նա սովորեցնում է ձեռքերս պատերազմի Ու իմ բազուկները լարում են պղնձի աղեղ։
  • 36Եւ դու տուիր ինձ քո փրկութեան վահանը, Ու քո պատասխանելը մեծացրեց ինձ։
  • 37Լայնացրիր իմ գնացքն իմ ոտքի տակին, Ու իմ սրունքները չ’դողդողացին։
  • 38Իմ թշնամիներին հալածեցի ու փչացրի նորանց. Ու ես ետ չ’դառայ մինչեւ որ վերջացան։
  • 39Ես ջնջեցի նորանց ու խորտակեցի նորանց որ չ’կանգնեն։ Նորանք վայր ընկան իմ ոտների տակը։
  • 40Դու ինձ զօրութեամբ գօտեւորեցիր պատերազմի Ու ինձ դէմ կանգնողներին իմ տակը գցեցիր։
  • 41Իմ թշնամիների մէջքը դէպի ինձ տուիր, Ինձ ատողներին՝ որ ես ջարդեմ նորանց։
  • 42Նայեցին, բայց փրկող չ’կար. Դէպի Տէրը, բայց չ’պատասխանեց նորանց։
  • 43Իսկ ես նորանց կ’փշրեմ երկրի փոշիի պէս. Ճանապարհի ցեխի պէս կ’մանրեմ՝ կոխ կ’տամ նորանց։
  • 44Բայց դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի հակառակութիւնիցը. Ինձ պահեցիր ազգերի գլուխ լինելու. Իմ չ’ճանաչած ազգը ծառայում է ինձ։
  • 45Օտարների որդիքն ինձ խոնարհութիւն արին. Ականջով լսելով ինձ հնազանդեցին։
  • 46Օտարների որդիքը թուլացան. Ու դողալով դուրս եկան իրանց ապաստանարաններիցը։
  • 47Կենդանի է Եհովան, եւ օրհնեալ է իմ Վէմը, Եւ բարձրեալ լինի Աստուած՝ իմ փրկութեան Վէմը.
  • 48Այն Աստուածը, որ ինձ համար վրէժխնդիր է լինում, Ու ազգերն իմ տակն իջեցնում։
  • 49Եւ որ ինձ իմ թշնամիներիցը պրծացնում է, Եւ իմ հակառակորդներիցն ինձ աւելի բարձր ես անում, Բռնաւոր մարդիցն ինձ ազատում ես։
  • 50Սորա համար, ով Տէր, քեզ պիտի գովեմ ազգերի մէջ, Եւ պիտի սաղմոս երգեմ քո անունին.
  • 51Որ իր թագաւորի համար փրկութիւնները մեծացնում է, Եւ ողորմութիւն է անում յաւիտեան, Իր օծեալին՝ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։
← Ցանկ