Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ17
  • 1Եւ Գաղաադի բնակիչներից Թեզբացի Եղիան ասեց Աքաաբին. Կենդանի է Իսրայէլ Տէր Աստուածը, որի առաջին կանգնում եմ, որ այս տարիներից ցօղ եւ անձրեւ պիտի չ’լինի, բայց եթէ իմ խօսքովը։
  • 2Եւ Տիրոջ խօսքը եղաւ նորան ասելով.
  • 3Գնա այստեղից եւ դարձիր դէպի արեւելք եւ թաք կաց Քերիթ հեղեղատի մօտ որ Յորդանանի դէմ է։
  • 4Եւ այն հեղեղատիցը կ’խմես, եւ ես ագռաւներին հրամայել եմ որ քեզ կերակրեն այնտեղ։
  • 5Եւ նա գնաց եւ արաւ Տիրոջ խօսքի համեմատ, եւ գնաց ու բնակուեց Քերիթ հեղեղատի մօտ որ Յորդանանի դիմացն է։
  • 6Եւ ագռաւները նորա համար հաց եւ միս էին բերում առաւօտը, եւ հաց ու միս՝ իրիկունը, եւ նա խմում էր հեղեղատիցը։
  • 7Եւ եղաւ որ մի քանի ժամանակից յետոյ չորացաւ հեղեղատը, որովհետեւ երկրումն անձրեւ չ’կար։
  • 8Եւ Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով.
  • 9Վեր կաց գնա Սիդոնացիների Սարեփթան եւ այնտեղ նստիր. Ահա ես այնտեղ մի որբեւայրի կնկայ հրամայել եմ որ քեզ կերակրէ։
  • 10Եւ նա վեր կացաւ գնաց Սարեփթա եւ հասաւ քաղաքի դուռը, եւ ահա այնտեղ մի որբեւայրի կին փայտ էր ժողովում. Եւ նա կանչեց նորան եւ ասեց. Խնդրեմ ինձ համար մի քիչ ջուր բեր մի ամանում որ խմեմ։
  • 11Եւ երբոր նա գնաց բերելու, նորան կանչեց եւ ասեց. Խնդրեմ ինձ համար մի պատառ էլ հաց բեր ձեռքիդ։
  • 12Եւ նա ասեց. Կենդանի է քո Տէր Աստուածը, որ ես մի նկանակ չ’ունեմ, բացի մի բուռ ալիւր սափորումը եւ մի քիչ իւղ կուժումը, եւ ահա մի երկու փայտ եմ ժողովում, որ գնամ եւ պատրաստեմ այն ինձ համար եւ իմ որդիի համար, որ այն ուտենք եւ մեռնենք։
  • 13Եւ Եղիան ասեց նորան. Մի վախենար, գնա արա քո խօսքի պէս, միայն թէ առաջ ինձ համար մի փոքր շօթ շինիր նորանից եւ բեր ինձ համար, եւ յետոյ քեզ եւ քո որդիի համար կ’շինես։
  • 14Որովհետեւ այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Սափորումը ալիւրը պիտի չ’վերջանայ, եւ կուժիցը իւղը չ’պակասէ, մինչեւ այն օրը որ Տէրը անձրեւ տայ երկրի երեսին։
  • 15Եւ նա գնաց եւ արաւ Եղիայի խօսքի պէս, եւ նա եւ կինը եւ իր տունը կերան բաւական ժամանակ։
  • 16Եւ սափորիցն ալիւրը չէր վերջանում, եւ կուժիցը իւղը չէր պակասում Տիրոջ այն խօսքի պէս, որ ասեց Եղիայի ձեռովը։
  • 17Եւ այս բաներից յետոյ եղաւ որ այն տան տիկին կնկայ տղան հիւանդացաւ, եւ նորա հիւանդութիւնը շատ սաստիկ էր մինչեւ որ նորանում շունչ չէր մնացել։
  • 18Եւ կինն ասեց Եղիային. Դու ի՞նչ բան ունես ինձ հետ. ով մարդ Աստուծոյ, ինձ մօտ եկար որ իմ մեղքը յիշեցնես եւ իմ որդիս մեռցնես։
  • 19Եւ նա ասեց կնկան. Ինձ տուր տղադ. Եւ առաւ նորան նորա գրկիցը եւ վեր տարաւ նորան վերնատունը ուր որ ինքը բնակվում էր, եւ պառկեցրեց նորան իր անկողնի վերայ։
  • 20Եւ աղաղակեց Տիրոջը եւ ասեց. Ով իմ Տէր Աստուածը, մի՞թէ այս որբեւայրիին էլ, որի մօտ ես պանդուխտ եմ, չարիք կ’անես որ նորա որդին մեռցնես։
  • 21Եւ երեք անգամ իր երկայնութեամբը ընկաւ երեխայի վերայ, եւ կանչեց Տիրոջը եւ ասեց. Ով Տէր իմ Աստուած, աղաչում եմ այս երեխայի շունչն իրան մէջը դարձրու։
  • 22Եւ Տէրը լսեց Եղիայի ձայնին, եւ երեխայի շունչը նորա մէջը դարձաւ եւ նա կենդանացաւ։
  • 23Եւ Եղիան առաւ երեխային եւ վայր իջեցրեց վերնատնիցը տուն, եւ նորան տուաւ իր մօրը, եւ Եղիան ասեց. Տես որդիդ կենդանի է։
  • 24Եւ կինն ասեց Եղիային. Ահա հիմա գիտեմ որ դու Աստուծոյ մարդ ես, եւ բերանիդ միջի Աստուծոյ խօսքը ճշմարիտ է։
← Ցանկ