Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ19
  • 1Եւ Աքաաբը պատմեց Յեզաբէլին բոլոր ինչ որ Եղիան արել էր, եւ այն բոլորը որ ամեն մարգարէներին սրով սպանել էր։
  • 2Եւ Յեզաբէլը պատգամաւոր ուղարկեց Եղիայի մօտ ասելով. Աստուածները այսպէս անեն եւ սորանից էլ աւելի անեն, եթէ որ էգուց այս ժամանակին քո անձը նորանցից մէկի անձի տեղ չ’դնեմ։
  • 3Եւ այս բանը տեսնելով վեր կացաւ գնաց իր անձը ազատելու համար, եւ հասաւ Յուդայի Բերսաբէէն. Եւ իր պատանիին թողեց այնտեղ։
  • 4Բայց ինքը մէկ օրուայ ճանապարհ գնաց անապատումը եւ եկաւ մի գիհիի տակին նստեց եւ սրտանց ուզեց որ մեռնէ եւ ասեց. Արդէն բաւական է, ով Տէր, իմ հոգին առ. Որովհետեւ ես իմ հայրերիցը լաւ չեմ։
  • 5Եւ պառկեց եւ քնեց մի գիհիի տակին. Եւ ահա մէկ հրեշտակ նորան դիպաւ եւ ասեց նորան. Վեր կաց կեր։
  • 6Եւ Եղիան մտիկ տուաւ եւ ահա նորա գլխի կողմին մի քարի վերայ թխած նկանակ եւ մի կուժ ջուր կար. Եւ նա կերաւ եւ խմեց, եւ դարձեալ քնեց։
  • 7Եւ Տիրոջ հրեշտակը դարձեալ եկաւ եւ նորան դիպաւ եւ ասեց. Վեր կաց կեր, որովհետեւ ճանապարհդ շատ է քեզ համար։
  • 8Եւ նա վեր կացաւ եւ կերաւ ու խմեց եւ այն կերակուրի զօրութիւնովը գնաց քառասուն օր եւ քառասուն գիշեր մինչեւ Աստուծոյ Քորեբ սարը։
  • 9Եւ այնտեղ մտաւ մի քարայրի մէջ եւ այնտեղ օթեւանեց, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ իրան եւ նորան ասեց. Ի՞նչ ունես այստեղ, Եղիա։
  • 10Եւ նա ասեց. Ես մեծ նախանձաւորութիւն ունեցայ Զօրաց Տէր Աստուծոյ համար, որ Իսրայէլի որդիքը քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են, եւ քո մարգարէներին սրով սպանել են. Եւ մինակ ես եմ մնացել, եւ իմ հոգին որոնում են սպանելու։
  • 11Եւ նա ասեց. Դուրս եկ եւ կանգնիր սարի վերայ Տիրոջ առաջին։ Եւ ահա Տէրը անց էր կենում. Եւ մի մեծ եւ զօրաւոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին. Բայց Տէրն այն հողմի մէջ չէր։ Եւ հողմից յետոյ երկրաշարժ եղաւ, բայց Տէրը երկրաշարժի մէջ չէր։
  • 12Եւ երկրաշարժից յետոյ կրակ, բայց Տէրը կրակի մէջ չէր. Եւ կրակից յետոյ մի մեղմ ու բարակ ձայն։
  • 13Եւ եղաւ երբոր Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուովը եւ դուրս եկաւ ու կանգնեց քարայրի դռանը, եւ ահա մի ձայն եկաւ նորան եւ ասեց. Այստեղ ի՞նչ ունես, Եղիա։
  • 14Եւ նա ասեց. Մեծ նախանձաւորութիւն ունեցայ Զօրաց Տէր Աստուծոյ համար, որ Իսրայէլի որդիքը քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են, եւ քո մարգարէներին սրով սպանել են, եւ մինակ ես եմ մնացել, եւ իմ հոգին էլ որոնում են սպանելու։
  • 15Եւ Տէրն ասեց նորան. Ետ դարձիր գնա քո ճանապարհովը անապատով Դամասկոս, եւ երբոր գաս՝ Ազայէլին Ասորիների վերայ թագաւոր օծիր։
  • 16Եւ Նամեսսիի որդի Յէուին էլ թագաւոր օծիր Իսրայէլի վերայ, եւ Աբէլմաուլացի Սափատի որդի Եղիսէին էլ մարգարէ օծիր քո տեղը։
  • 17Եւ կ’լինի որ Ազայէլի սուրիցն ազատուողին Յէուն կ’մեռցնէ, եւ Յէուի սուրիցն ազատուողին Եղիսէն կ’մեռցնէ։
  • 18Եւ ինձ համար թողել եմ Իսրայէլի մէջ եօթը հազար հոգի բոլորն էլ այնպիսի մարդիկ որ ծունկ չ’ծռեցին Բահաղին եւ բոլորն էլ բերանով նորան չ’համբուրեցին։
  • 19Եւ այն տեղից գնաց եւ գտաւ Սափատի որդի Եղիսէին, եւ նա վար էր անում՝ իր առաջին տասնեւերկու լուծ եզ, եւ ինքը տասնեւերկուերորդի հետ էր. Եւ Եղիան անցաւ նորա մօտ եւ իր վերարկուն գցեց նորա վերայ։
  • 20Եւ նա թողեց եզները եւ վազեց Եղիայի ետեւից եւ ասեց. Թող համբուրեմ հօրս եւ մօրս եւ յետոյ քեզ հետեւեմ. Եւ նա ասեց նորան. Գնա ու ետ դարձիր. Որովհետեւ ես քեզ ի՞նչ արի։
  • 21Եւ նա ետ դառաւ նորա ետեւից եւ մի լուծ եզն առաւ եւ նորան զոհեց, եւ եզների գործիքներովը եփեց նորանց միսը, եւ տուաւ ժողովրդին եւ նորանք կերան այն. Եւ վեր կացաւ ու գնաց Եղիայի ետեւից, եւ ծառայում էր նորան։
← Ցանկ