Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ11
  • 1Եւ երբոր Ոքոզիայի մայրը Գոթողիան տեսաւ, որ իր որդին մեռաւ, վեր կացաւ բոլոր թագաւորական սերունդը բնաջինջ արաւ։
  • 2Բայց Յովրամ թագաւորի աղջիկը՝ Ոքոզիայի քոյր Յովսաբէէն՝ առաւ Ոքոզիայի որդի Յովասին եւ գողացաւ նորան թագաւորի սպանուած որդկանց միջիցը եւ նորա դայեակին անկողինների սենեակումը, եւ նորան թաքցրին Գոթողիայի երեսիցը, եւ նա չ’մեռցուեցաւ։
  • 3Եւ նա թաքցուած էր նորա հետ Տիրոջ տանը վեց տարի. Եւ Գոթողիան թագաւորում էր երկրի վերայ։
  • 4Եւ եօթներորդ տարին Յովիադան մարդ ուղարկեց եւ առաւ թիկնապահների եւ սուրհանդակների հարիւրապետներին, եւ նորանց տարաւ իր մօտ Տիրոջ տունը, եւ նորանց հետ դաշինք կապեց եւ նորանց երդում տուաւ Տիրոջ տանը, եւ նորանց ցոյց տուաւ թագաւորի որդիին։
  • 5Եւ նորանց պատուիրեց ասելով. Այս է ձեր անելու բանը. Ձեր երրորդ մասը, որ գալիս են շաբաթ օրը որ թագաւորի պալատի պահպանութիւնն անեն.
  • 6Եւ երրորդ մասը՝ սուրի դռանը, եւ երրորդ մասը՝ սուրհանդակների ետեւի դռանը. Այսպէս տանը պահպանութիւնը արէք փոփոխակի։
  • 7Եւ ձեզանից երկու գունդ՝ ամենքը որ շաբաթ օրը պիտի դուրս գան, Տիրոջ տան պահպանութիւնն անեն թագաւորի համար։
  • 8Եւ թագաւորին շրջապատեցէք շուրջանակի ամեն մարդ զէնքը ձեռքին. Եւ կարգերի մէջը մտնողը սպանուի. Եւ թագաւորի հետը լինէք՝ նա դուրս գալիս եւ մտնելիս։
  • 9Եւ հարիւրապետները արին ամեն ինչ որ Յովիադա քահանան պատուիրել էր, եւ իւրաքանչիւրն առաւ իր մարդկանցը, որ գալիս են շաբաթ օրը, շաբաթ օրուայ գնացողների հետ եւ եկան Յովիադա քահանայի մօտ։
  • 10Եւ քահանան տուաւ հարիւրապետներին Դաւիթ թագաւորի նիզակները եւ վահանները, որ Տիրոջ տանն էին։
  • 11Եւ սուրհանդակները՝ իւրաքանչիւրն իր զէնքերը ձեռքին կանգնեցին տան աջ կողմիցը մինչեւ տան ձախ կողմը սեղանի մօտ եւ տան մօտ թագաւորի շուրջը։
  • 12Յետոյ նա դուրս հանեց թագաւորի որդիին, եւ նորա վերայ դրաւ թագը եւ վկայութիւնը, եւ նորան թագաւոր շինեցին եւ օծեցին նորան, եւ ծափ տուին եւ ասեցին. Կեցցէ՜ արքայ։
  • 13Եւ Գոթողիան լսեց վազող ժողովրդի ձայնը եւ գնաց դէպի ժողովուրդը՝ Տիրոջ տունը։
  • 14Եւ մտիկ տուաւ, որ ահա թագաւորը կանգնած էր սիւնի մօտ սովորութեան պէս, եւ զօրապետներն ու փողերը թագաւորի մօտ, եւ երկրի բոլոր ժողովուրդը ուրախանում էր եւ փողերը հնչեցնում. Եւ Գոթողիան պատառեց իր հանդերձները եւ աղաղակեց. Դաւաճանութի՜ւն դաւաճանութի՜ւն։
  • 15Եւ Յովիադա քահանան հրամայեց հարիւրապետներին, որ նշանակուած էին զօրքերի վերայ եւ ասեց նորանց. Նորան դուրս հանեցէք կարգերի միջից, եւ նորա ետեւից գնացողին սրով սպանեցէք. Որովհետեւ քահանան ասել էր, որ Տիրոջ տան մէջ չ’սպանուի։
  • 16Եւ իրանց ձեռքերը ձգեցին նորա վերայ. Եւ երբոր նա թագաւորի պալատը մտնող ձիերի ճանապարհովը գնում էր, այնտեղ սպանուեցաւ։
  • 17Եւ Յովիադան ուխտ դրաւ Տիրոջ եւ թագաւորի մէջ եւ ժողովրդի մէջ, որ Տիրոջ ժողովուրդը լինեն. նաեւ թագաւորի եւ ժողովրդի մէջ։
  • 18Եւ երկրի բոլոր ժողովուրդը եկաւ Բահաղի տունը եւ քանդեցին նորա սեղանները եւ նորա պատկերները լաւ փշրեցին, եւ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին սեղանների առաջին եւ քահանան ոստիկաններ դրաւ Տիրոջ տան վերայ։
  • 19Եւ վեր առաւ հարիւրապետներին եւ թիկնապահներին ու սուրհանդակներին եւ երկրի բոլոր ժողովրդին, եւ իջեցրին թագաւորին Տիրոջ տանիցը եւ սուրհանդակների դռնովն եկան թագաւորի պալատը. Եւ նա նստեց թագաւորական աթոռի վերայ։
  • 20Եւ երկրի ամեն ժողովուրդն ուրախացաւ, եւ քաղաքը խաղաղեցաւ։ Եւ Գոթողիային սրով սպանեցին թագաւորի տանը։
  • 21Եւ Յովասը եօթը տարեկան էր երբոր թագաւոր եղաւ։
← Ցանկ