Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ18
  • 1Եւ Իսրայէլի թագաւոր Էլայի որդի Ովսէէի երրորդ տարին թագաւոր եղաւ Յուդայի թագաւոր Աքազի որդի Եզեկիան։
  • 2Քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ քսանեւինը տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Աբի՝ դուստր Զաքարիայի։
  • 3Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին՝ ինչպէս որ արել էր իր հայր Դաւիթը։
  • 4Նա վերցրեց բարձրաւանդակները եւ կոտրատեց արձանները եւ քանդեց կուռքի անտառը, եւ փշրեց այն օձի պղինձը, որ Մովսէսը շինել էր. Որովհետեւ մինչեւ այն օրերը Իսրայէլի որդիքը խունկ էին ծխում նորան, եւ նորա անունը դրաւ Նէեսթան.
  • 5Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց, եւ նորանից յետոյ չ’եղաւ նորա նմանը Յուդայի բոլոր թագաւորների մէջ, եւ նորանց մէջ որոնք նորանից առաջ էին եղել։
  • 6Եւ Տիրոջը յարեց, նորա ետեւիցը չ’հեռացաւ, եւ պահեց նորա պատուէրները, որ պատուիրել էր Տէրը Մովսէսին։
  • 7Եւ Տէրը նորա հետ էր, եւ ամեն ուր որ գնում էր՝ յաջողվում էր. Եւ ապստամբուեց Ասորեստանի թագաւորի դէմ եւ նորան չ’ծառայեց։
  • 8Նա ջարդեց Փղշտացիներից մինչեւ Գազա եւ նորա սահմանները, պահապանաց աշտարակիցը մինչեւ պարսպաւոր քաղաքը։
  • 9Եւ Եզեկիայի չորրորդ տարին, որ Իսրայէլի թագաւոր Էլայի որդի Ովսէէի եօթներորդ տարին էր, Ասորեստանի Սաղմանասար թագաւորն եկաւ Սամարիայի վերայ. Եւ նորան պաշարեց.
  • 10Եւ երեք տարիից յետոյ առաւ նորան Եզեկիայի վեցերորդ տարիումը, որ Իսրայէլի Ովսէէ թագաւորի իններորդ տարին էր. Այն ժամանակ Սամարիան առնուեցաւ։
  • 11Եւ Ասորեստանի թագաւորը Իսրայէլին փոխադրեց Ասորեստան, եւ նորանց դրաւ Քաղայում եւ Քաբովրում, Գովզան գետի մօտ, եւ Մարաց քաղաքներումը։
  • 12Նորա համար որ չէին լսել իրանց Տէր Աստուծոյ ձայնին, եւ զանց էին արել նորա ուխտը՝ այն ամենը ինչ որ Տիրոջ ծառայ Մովսէսը հրամայել էր. Ոչ լսեցին եւ ոչ արին։
  • 13Եւ Եզեկիա թագաւորի տասնեւչորսերորդ տարին եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքների վերայ եւ առաւ նորանց։
  • 14Եւ Յուդայի Եզեկիա թագաւորը մարդ ուղարկեց Լաքիս Ասորեստանի թագաւորի մօտ ասելով. Յանցանք եմ արել, իմ վերայիցը ետ դարձիր. Ինչ որ ինձ վերայ դնես՝ կ’հատուցանեմ։ Եւ Ասորեստանի թագաւորը Յուդայի Եզեկիա թագաւորի վերայ երեք հարիւր տաղանդ արծաթ եւ երեսուն տաղանդ ոսկի հարկ դրաւ։
  • 15Եւ Եզեկիան Տիրոջ տանը եւ թագաւորի տանը գանձերումը գտնուած բոլոր արծաթը տուաւ։
  • 16Այն ժամանակ Եզեկիան քանդեց Տիրոջ տաճարի դռների եւ դրանդիների ոսկին, որ ինքը Յուդայի Եզեկիա թագաւորը նորանց պատել էր, եւ տուաւ Ասորեստանի թագաւորին։
  • 17Եւ Ասորեստանի թագաւորն Տարաթանին, Ռաբսարիսին եւ Ռաբսակին Լաքիսից շատ զօրքով Երուսաղէմ ուղարկեց Եզեկիա թագաւորի մօտ. Եւ նորանք վեր գալով եկան Երուսաղէմ եւ այնտեղ հասնելով եկան կանգնեցին թափիչի ագարակի ճանապարհին եղող վերի աւազանի ջրմուղին վերայ,
  • 18Եւ թագաւորին կանչեցին. Եւ նորանց մօտ դուրս եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը եւ Սեբնա ատենադպիրը եւ յիշատակաց դպիր Ասափի որդի Յովաքը։
  • 19Եւ Ռաբսակը նորանց ասեց. Եզեկիային ասեցէք. Այսպէս է ասում մեծ թագաւորը՝ Ասորեստանի թագաւորը. Այդ ի՞նչ յոյս է որի վերայ դու ապաւինել ես.
  • 20Դու միայն շրթունքի խօսքեր ես խօսում, թէ խորհուրդ ու զօրութիւն ունեմ պատերազմի համար. Հիմա ո՞ւմ ապաւինեցիր, որ ինձանից ապստամբուեցար։
  • 21Ահա դու հիմա ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մի մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կ’մտնէ եւ նորան կ’ծակէ. Այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։
  • 22Բայց եթէ ինձ ասէք թէ մենք մեր Եհովայ Աստուծուն ենք ապաւինել. Մի՞թէ դա այն չէ որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց, եւ Յուդային եւ Երուսաղէմին ասեց. Միայն այս սեղանի առաջին Երուսաղէմումն երկրպագութիւն արէք։
  • 23Արդ՝ ուրեմն դաշինք դիր՝՝ իմ տիրոջ՝ Ասորեստանի թագաւորի հետ. Եւ ես քեզ երկու հազար ձի տամ, եթէ դու կարող ես նորանց վերայ հեծնողներ դնել.
  • 25Հիմա ես առանց Եհովայի՞ն եմ եկել արդեօք այս երկրի վերայ որ նորան աւերեմ. Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր։
  • 26Եւ Քեղկեայի որդի Եղիակիմը եւ Սեբնան ու Յովաքը ասեցին Ռաբսակին. Խնդրում ենք՝ ծառաներիդ հետ Ասորերէն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք, եւ մեզ հետ Եբրայեցերէն մի խօսիր պարսպի վերայ եղող ժողովրդի ականջի առաջին։
  • 27Բայց Ռաբսակն ասեց նորանց. Մի՞թէ քո տիրոջ եւ քեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը այս խօսքերը խօսելու համար. Չէ՞ որ այս մարդկանց համար, որոնք պարսպի վերայ նստած են որ ձեզ հետ պիտի իրանց աղբն ուտեն եւ իրանց մէզը խմեն։
  • 28Եւ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց Եբրայեցերէն եւ խօսեց ասելով. Լսեցէք մեծ թագաւորի՝ Ասորեստանի թագաւորի խօսքը.
  • 29Թագաւորը այսպէս է ասում. Եզեկիան ձեզ չ’խաբէ. Որովհետեւ նա չի կարող ձեզ նորա ձեռքիցն ազատել։
  • 30Եւ Եզեկիան ձեզ Եհովային չ’յուսացնէ՝ ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չ’տրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։
  • 31Եզեկիային մի լսէք. Որովհետեւ Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ ինձ մօտ դուրս եկէք. Եւ ամեն մարդ իր որթիցը եւ ամեն մարդ իր թզենիիցն ուտէ, եւ ամեն մարդ իր ջրհորի ջրիցը խմէ,
  • 32Մինչեւ որ ես գամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր, ցորենի եւ գինիի երկիր, հացի եւ այգիների երկիր, իւղ տուող ձիթենիների եւ մեղրի երկիր, որ ապրէք եւ չ’մեռնէք. Եւ Եզեկիային մի լսէք, որովհետեւ ձեզ խաբում է ասելով թէ Եհովան մեզ ազատելու է։
  • 33Մի՞թէ փրկեցին այն ազգերի աստուածներն՝ ամեն մէկն իր երկիրը Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։
  • 34Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները, ո՞ւր են Սեփարուիմի, Անայի եւ Աւայի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից։
  • 35Ո՞րն է այդ երկիրների բոլոր աստուածներիցը, որ ազատած լինի իրանց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ ազատէր Երուսաղէմը իմ ձեռքից։
  • 36Եւ ժողովուրդը լռեց եւ նորան ոչինչ պատասխան չ’տուին. Որովհետեւ թագաւորը հրաման էր արել ասելով. Նորան չ’պատասխանէք։
  • 37Եւ Քեղկեայի որդի Եղիակիմ՝ պալատի հազարապետը, եւ Սեբնա ատենադպիրը եւ Ասափի որդի Յովաք՝ յիշատակաց դպիրը գնացին հանդերձները պատառելով Եզեկիայի մօտ եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը։
← Ցանկ