ՆԵԵՄԻԱ2
  • 1Եւ եղաւ Նիսան ամսումը՝ Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին, որ գինի կար նորա առաջին. Եւ ես առայ գինին եւ տուի թագաւորին. Եւ ես նորա առաջին տրտում եղած չէի։
  • 2Եւ թագաւորն ասեց ինձ. Ի՞նչու համար է երեսդ տրտում, քանի որ դու հիւանդ չես. Սա ուրիշ ոչինչ չէ եթէ ոչ սրտի ցաւ. Եւ ես խիստ շատ վախեցայ.
  • 3Եւ ասեցի թագաւորին. Արքայ, յաւիտեան կաց. Ի՞նչու համար չ’տրտմի իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը աւերակ է եւ նորա դռները կրակով այրուել են։
  • 4Եւ թագաւորն ինձ ասեց. Ի՞նչ է քո ուզածը. Եւ ես աղօթք արի երկնքի Աստուծուն։
  • 5Եւ ես ասեցի թագաւորին. Եթէ թագաւորին հաճելի է, եւ եթէ ծառադ հաճելի է քո առաջին, ինձ ուղարկիր Հրէաստան իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որ ես շինեմ նորան։
  • 6Եւ ինձ ասեց թագաւորը (եւ թագուհին նստել էր նորա կշտին), մինչեւ ե՞րբ կ’տեւէ քո գնալը, եւ ե՞րբ կ’դառնաս։ Եւ հաճելի եղաւ թագաւորի առաջին որ ինձ ուղարկէ, եւ ես նորան ժամանակ որոշեցի։
  • 7Եւ ասեցի թագաւորին. Եթէ հաճելի է թագաւորին, թող ինձ նամակներ տրուին Գետի այն կողմի իշխանների վերայ, որ ինձ անցկացնեն մինչեւ որ հասնեմ Հրէաստան.
  • 8Եւ մի նամակ թագաւորական պարտէզի տեսուչ Ասափի վերայ, որ ինձ փայտ տայ Աստուծոյ տան աշտարակի դռները եւ քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար եւ այն տան համար ուր որ ես պիտի գնամ. Եւ թագաւորը տուաւ ինձ, որովհետեւ Աստուծոյ բարի ձեռքն ինձ վերայ էր։
  • 9Եւ ես եկայ Գետի այս կողմի իշխանների մօտ եւ թագաւորի նամակները նորանց տուի. Եւ թագաւորն ինձ հետ զօրապետներ եւ ձիաւորներ ուղարկեց։
  • 10Եւ երբոր Սանաբաղատ Որոնացին եւ Ամմոնացի ծառայ Տուբիան լսեցին, խիստ շատ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայէլի որդկանց բարիքը ուզելու։
  • 11Եւ ես եկայ Երուսաղէմ, եւ երեք օր այնտեղ մնացի։
  • 12Եւ ես վեր կացայ գիշերը եւ մի քիչ մարդիկ ինձ հետ, եւ ոչ մի մարդի չ’պատմեցի թէ իմ Աստուածն ինչ է դրել իմ սրտումը որ Երուսաղէմին անեմ, եւ մէկ անասուն չ’կար ինձ հետ բացի իմ հեծած անասունից։
  • 13Եւ ես դուրս եկայ Ձորի դռնովը գիշերով եւ գնացի դէպի Վիշապի աղբիւրը եւ դէպի Աղբի դուռը, եւ զննեցի Երուսաղէմի քանդուած պարիսպները եւ նորա կրակով այրուած դռները։
  • 14Եւ անցկացայ Աղբիւրի դուռը եւ Թագաւորի աւազանը. Եւ տակիս անասունի համար տեղ չ’կար անցնելու։
  • 15Եւ գիշերը վեր գնացի հեղեղատովը եւ զննեցի պարիսպը. Եւ ետ դառայ ու մտայ Ձորի դռնովը եւ ետ դառայ։
  • 16Եւ ոստիկանները չ’իմացան թէ ուր գնացի եւ թէ ես ինչ եմ անում. Եւ Հրէաներին եւ քահանաներին ու ազնուականներին ու ոստիկաններին եւ միւս գործը կատարողներին մինչեւ այն ժամանակ չէի իմացրել։
  • 17Եւ ես նորանց ասեցի. Դուք տեսնում էք այս թշուառութիւնը, որի մէջ մենք կանք, որ Երուսաղէմն աւերակ եւ նորա դռները կրակով այրուած են. Եկէք Երուսաղէմի պարիսպը շինենք, որ այլ եւս նախատինք չ’լինինք։
  • 18Եւ ես նորանց պատմեցի որ իմ Աստուծոյ ձեռքը ինձ վերայ բարեյաջող է, եւ մանաւանդ թագաւորի խօսքերը որ ինձ ասել էր. Եւ նորանք ասեցին. Վեր կենանք եւ շինենք, եւ իրանց ձեռքերն ուժովացրին այս բարի գործի համար։
  • 19Եւ Որոնացի Սանաբաղատը ու Ամմոնացի ծառայ Տուբիան եւ Արաբացի Գեսամը այս լսելով մեզ ծաղր արին եւ մեզ արհամարհեցին եւ ասեցին. Սա ի՞նչ բան է որ անում էք. մի՞թէ ապստամբվում էք թագաւորի դէմ։
  • 20Բայց ես նորանց պատասխան տուի եւ ասեցի նորանց. Երկնքի Աստուածն ինքը մեզ յաջողութիւն է տալու, եւ մենք նորա ծառաներս վեր ենք կենալու որ շինենք. իսկ դուք բաժին, իրաւունք եւ յիշատակ չ’ունիք Երուսաղէմումը։
← Ցանկ