ՆԵԵՄԻԱ6
  • 1Եւ երբոր Սանաբաղատը, Տուբիան եւ Արաբացի Գեսամը եւ մեր միւս թշնամիքը լսեցին, որ ես պարիսպը շինեցի, եւ նորանում քանդուած տեղ չէ մնացել (թէեւ մինչեւ այն ժամանակ դռների փեղկերը չէի կանգնեցրել),
  • 2Այն ժամանակ Սանաբաղատը եւ Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մօտ եւ ասեցին. Եկ միասին տեսակցուինք Ովնովի դաշտումը՝ գիւղերումը. Բայց նորանք մտածում էին որ ինձ չարութիւն անեն։
  • 3Եւ ես նորանց մօտ պատգամաւորներ ուղարկեցի ասելով. Ես մեծ գործով զբաղուած եմ, եւ չեմ կարող իջնել. Ի՞նչու համար գործը դադարէ, երբոր ես ձգեմ նորան եւ իջնեմ ձեզ մօտ։
  • 4բայց նորանք այս բանովը չորս անգամ ինձ մօտ ուղարկեցին, եւ ես նորանց նոյն խօսքը պատասխանեցի։
  • 5Եւ Սանաբաղատն այս բանովը հինգերորդ անգամ իր ծառային ինձ մօտ ուղարկեց, եւ մի բաց նամակ նորա ձեռքին,
  • 6Նորանում գրուած էր՝ Ազգերի մէջ լսվում է եւ Գեսամն ասում է, որ դու եւ Հրէաները խորհում էք ապստամբուել. Դու նորա համար ես պարիսպը շինում. Եւ դու ուզում ես որ նորանց թագաւորը լինիս. Այսպիսի խօսքերի պէս։
  • 7Նաեւ մարգարէներ ես դրել որ քո ամսին քարոզեն Երուսաղէմումն ասելով. Թագաւո՜ր Հրէաստանում. Եւ արդ այսպիսի խօսքեր պիտի հասնեն թագաւորին. Ուրեմն եկ միասին տեսակցուինք։
  • 8Եւ ես մարդ ուղարկեցի նորա մօտ եւ ասեցի. Այդպիսի բաներ չ’կան, որ դու ասում ես. Այլ դու քո սրտիցն ես հնարել դորան։
  • 9Որովհետեւ նորանք ամենքը մեզ վախեցնում էին, ասելով՝ Նորանց ձեռքերը կ’թուլանայ այդ գործիցը եւ չի կատարուիլ։ բայց դու, ով Աստուած, զօրացրու իմ ձեռքերը։
  • 10Եւ ես եկայ Մետաբէլի որդիի Դաղայիայի որդի Սեմայիայի տունը, որ մտել կողպուել էր. Եւ նա ասեց. Գնանք միասին Աստուծոյ տունը՝ տաճարը եւ տաճարի դռները գոցենք. Որովհետեւ գալիս են որ քեզ սպանեն, եւ գիշերով գալու են որ քեզ սպանեն։
  • 11Եւ ես ասեցի. Մի՞թէ ինձ նման մարդը կ’փախչի. Եւ ինձ նման ո՞րը կ’գնայ տաճարը որ ողջ մնայ. Ես չեմ գնալ։
  • 12Եւ ես դիտեցի, որ ահա Աստուած չէր նորան ուղարկել. այլ այս մարգարէութիւնը խօսեց ինձ վերայ նորա համար որ Տուբիան եւ Սանաբաղատը նորան վարձել էին։
  • 13Նորա համար էր նա վարձուել, որպէս զի ես վախենամ, եւ այնպէս անեմ ու յանցաւոր լինիմ. Եւ սա նորանց համար առիթ լինի իմ անունը վատաբանելու որ ինձ նախատեն։
  • 14Յիշիր, ով իմ Աստուած, Տուբիային եւ Սանաբաղատին իրանց այս գործերի համեմատ. Նաեւ Նովադիա մարգարէուհիին եւ միւս մարգարէներին որ ինձ վախեցնում էին։
  • 15Եւ պարիսպը լրացաւ Իլուլի քսանեւհինգին՝ յիսունեւերկու օրուայ մէջ։
  • 16Եւ երբոր մեր բոլոր թշնամիքը լսեցին, վախեցան մեր շուրջը գտնուող բոլոր ազգերը. Եւ շատ ցածացան իրանց աչքերի առաջին եւ իմացան, որ մեր Աստուածանից եղաւ այս բանը։
  • 17Նաեւ այն օրերը Յուդայի ազնուականները շատ նամակներ էին գրում, որ գնում էին Տուբիային. Եւ Տուբիայինները գալիս էին նորանց։
  • 18Որովհետեւ շատերը կային Յուդայումը որ նորա հետ երդումով կապուած էին, որովհետեւ նա Արահի որդի Սեքենիայի փեսան էր. Եւ նորա որդի Յօհանան առել էր Բարաքիայի որդի Մեսուղամի աղջիկը։
  • 19Նաեւ նորա լաւութիւններն ասում էին իմ առաջին, եւ իմ խօսքերը տանում էին նորան. Տուբիան նամակներ էր ուղարկում ինձ վախեցնելու։
← Ցանկ