ՅՈԲ19
- 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
- 2Մինչեւ ե՞րբ պիտի վշտացնէք իմ հոգին, եւ ինձ փշրէք խօսքերով:
- 3Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չէ՞ք ամաչում` ինձ ապշեցնում էք:
- 4Եւ եթէ ես իրաւ սխալուել եմ, ինձ մօտ կ’մնայ իմ սխալմունքը:
- 5Կամ յիրաւի ուզում էք ամբարտաւանալ ինձ վերայ, եւ յանդիմանում էք ինձ իմ մի յանցանքի համար:
- 6Իմացէք ուրեմն որ Աստուած է ինձ կործանել, եւ իր ցանցովն ինձ պատել:
- 7Ահա ես աղաղակում եմ` զրկա՛նք, եւ պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չ’կայ:
- 8Ճանապարհս կապել է նա, եւ չեմ կարողանում անցնել, եւ իմ շաւիղների վերայ խաւար է դրել:
- 9Փառքս հանել է ինձանից, եւ թագը վեր առել գլխիցս:
- 10Ինձ քանդել է շուրջանակի, որ ես գնամ, եւ ծառի նման պոկել է իմ յոյսը:
- 11Նա վառել է իր բարկութիւնն ինձ դէմ, եւ ինձ իր թշնամիներին նման է համարում:
- 12Նորա գունդերը միասին եկան, եւ իրանց ճանապարհները կազմեցին ինձ դէմ, եւ բանակուեցան իմ վրանի շուրջը:
- 13Իմ եղբայրներին հեռացրել է ինձանից, եւ իմ ծանօթներն էլ օտարացել են ինձանից:
- 14Ինձ ձգել են իմ ազգականները, եւ իմ ճանաչները մոռացել են ինձ:
- 15Իմ տան բնակողներն ու իմ աղախիններն օտար համարեցին ինձ. ես մի օտարական եմ դառել նորանց աչքին:
- 16Ծառայիս կանչում եմ, եւ նա չէ պատասխանում. իմ բերանովն պիտի աղաչեմ նորան:
- 17Շունչս ընդդէմ է գալիս իմ կնոջը, եւ իմ խնդիրքը` իմ մօր որովայնի որդկանցը:
- 18Փոքր տղերքն անգամ անարգում են ինձ. ես վեր կենալիս նորանք խօսում են վրաս:
- 19Ինձանից զզվում են իմ մտերիմ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ:
- 20Մորթիս եւ մարմինս են փակել ոսկորներս, եւ մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել:
- 21Ողորմեցէք ինձ, ողորմեցէք ինձ, ով իմ բարեկամներ. որովհետև Աստուծոյ ձեռքը դպել է ինձ:
- 22Ինչու՞ էք ինձ հալածում դուք էլ Աստուծոյ նման, եւ չէ՞ք կշտանում իմ մարմնիցը:
- 23Ոհ երանի՛ թէ գրուէին խօսքերս, երանի՛ թէ քանդակուէին մի գրքի մեջ:
- 24Երկաթի գրիչով եւ կապարով, փորագրուէին քարի վերայ յավիտեան:
- 25Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:
- 26Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:
- 27Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:
- 28Որ պիտի ասէիք. Ի՞նչ ենք հալածում նորան. եւ ինձ վերայ է գտնվում բանի արմատը:
- 29Վախեցէք դուք սուրի երեսիցը. որովհետև անիրաւութիւնների դէմ բարկացող է սուրը որ իմանաք թէ դատաստան կայ:
