ՅՈԲ21
- 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
- 2Ականջ դրէք, լսեցէք խօսքս, եւ սա լինի ձեր մխիթարութիւնը.
- 3Ինձ համբերեցէք, որ ես խօսեմ, եւ իմ խօսելուց յետոյ, ծաղրիր։
- 4Ես որ կամ՝ մի՞թէ մարդի հետ է իմ վէճը, եւ ի՞նչու համար սիրտս չ’նեղանայ։
- 5Ինձ մտիկ արէք, եւ ապշեցէք, եւ ձեռքներդ դրէք բերաններիդ:
- 6Եւ հէնց որ յիշում եմ՝ զարհուրում եմ, եւ դողը բռնում է մարմինս:
- 7Ինչու՞ են ապրում ամբարիշտները, ծերանում եւ զօրանում ոյժով:
- 8Նորանց սերունդը հաստատ է նորանց հետ նորանց առաջին, եւ նորանց զաւակունքը՝ նորանց աչքի դէմ:
- 9Նորանց տունը ապահով է երկիւղից, եւ Աստուծոյ գաւազանը նորանց վերայ չէ:
- 10Նորա եզը զուգաւորվում է, եւ դուրսը չի գցում. նորա կովը ծնում է եւ չի վիժում:
- 11Նորանք իրանց մանուկներին ոչխարի հօտի պէս են դուրս հանում, եւ նորանց տղերքը ոստոստում են:
- 12Ձայները բարձրացնում են թմբուկով եւ քնարով, եւ ուրախանում են սրնգի ձայնովը:
- 13Նորանք իրանց օրերը զուարճութիւնով են անցկացնում. եւ մէկ վայրկեանում գերեզմանը կ’իջնեն:
- 14Սակայն Աստուծուն ասում են. Քաշուիր մեզանից, եւ քո ճանապարհների գիտութիւնը չենք ուզում:
- 15Ի՞նչ է Ամենակարողը, որ նորան ծառայենք, եւ ի՞նչ է մեր օգուտը, որ նորան դիմենք:
- 16Տես՝ նորանց բարիքն իրանց ձեռքին չէ. ամբարիշտների խորհուրդը հեռու լինի ինձանից:
- 17Ամբարիշտների ճրագը քանի՜ անգամ կ’հանգչի, եւ նորանց վերայ կ’գայ իրանց տառապանքը. նորանց համար Նա ցաւեր կ’բաժանէ իր բարկութեամբը:
- 18Նորանք կ’դառնան ինչպէս յարդ քամիի առաջին, եւ ինչպէս մղեղ, որին յափշտակել է մրրիկը:
- 19Ասում ես՝ Աստուած նորա յանցանքը պահում է նորա որդկանցը համար. թող նորան իրան հատուցանէ, որ նա հասկանայ:
- 20Թող իր աչքերը տեսնեն իր կորուստը, եւ թող նա խմէ Ամենակարողի բարկութիւնիցը.
- 21Որովհետեւ նա ի՞նչ պիտի զուարճանայ իր տունովն իրանից յետոյ, երբոր նորա ամիսների թիւը կտրուած է:
- 22Մի՞թէ կարելի է Աստուծուն գիտութիւն ուսուցանել, որ նա բարձրերին դատում է:
- 23Մէկը մեռնում է իր կատարելութեան մէջտեղը, բոլորովին հանդարտ եւ հանգիստ.
- 24Նորա անօթները լիքն են կաթով, եւ նորա ոսկորների ծուծը հիւթալի է:
- 25Իսկ միւսը մեռնում է դառն հոգով, եւ բարիք չէ ճաշակել:
- 26Բայց մէկտեղ են պառկում հողին վերայ, եւ որդերը ծածկում են նորանց:
- 27Ահա գիտեմ ձեր խորհուրդները. եւ այն նենգութիւնները՝ որ հնարել էք ինձ դէմ:
- 28Որ ասում էք. Ու՞ր է ազնուականի տունը. եւ ու՞ր է ամբարիշտների բնակութիւնների վրանը:
- 29Չ՞էք հարցրել ճանապարհորդներին, եւ նորանց նշանները չ՞էք հասկանում.
- 30Թէ կորստեան օրը չարը պահպանվում է, բարկութեան օրը նորանք դէն են քշվում:
- 31Ո՞վ կ’իմացնէ նորա երեսին նորա ճանապարհը, եւ նա անելիս՝ ո՞վ կ’հատուցանէ նորան:
- 32Եւ նա տարվում է գերեզմանանոցը, եւ նորա տապանի վերայ պահապան են գնում:
- 33Քաղցր են նորա համար հովտի կոշտերը, եւ նորա ետեւից հետեւում են բոլոր մարդիկը, եւ նորանից առաջիններին թիւ չ’կայ:
- 34Եւ ինձ ի՜նչպէս էք մխիթարում փուճ բանով, եւ ձեր պատասխաններումը մնում է ստութիւն:
