ՅՈԲ21
  • 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
  • 2Ականջ դրէք, լսեցէք խօսքս, եւ սա լինի ձեր մխիթարութիւնը.
  • 3Ինձ համբերեցէք, որ ես խօսեմ, եւ իմ խօսելուց յետոյ, ծաղրիր։
  • 4Ես որ կամ՝ մի՞թէ մարդի հետ է իմ վէճը, եւ ի՞նչու համար սիրտս չ’նեղանայ։
  • 5Ինձ մտիկ արէք, եւ ապշեցէք, եւ ձեռքներդ դրէք բերաններիդ:
  • 6Եւ հէնց որ յիշում եմ՝ զարհուրում եմ, եւ դողը բռնում է մարմինս:
  • 7Ինչու՞ են ապրում ամբարիշտները, ծերանում եւ զօրանում ոյժով:
  • 9Նորանց տունը ապահով է երկիւղից, եւ Աստուծոյ գաւազանը նորանց վերայ չէ:
  • 10Նորա եզը զուգաւորվում է, եւ դուրսը չի գցում. նորա կովը ծնում է եւ չի վիժում:
  • 11Նորանք իրանց մանուկներին ոչխարի հօտի պէս են դուրս հանում, եւ նորանց տղերքը ոստոստում են:
  • 12Ձայները բարձրացնում են թմբուկով եւ քնարով, եւ ուրախանում են սրնգի ձայնովը:
  • 13Նորանք իրանց օրերը զուարճութիւնով են անցկացնում. եւ մէկ վայրկեանում գերեզմանը կ’իջնեն:
  • 14Սակայն Աստուծուն ասում են. Քաշուիր մեզանից, եւ քո ճանապարհների գիտութիւնը չենք ուզում:
  • 15Ի՞նչ է Ամենակարողը, որ նորան ծառայենք, եւ ի՞նչ է մեր օգուտը, որ նորան դիմենք:
  • 16Տես՝ նորանց բարիքն իրանց ձեռքին չէ. ամբարիշտների խորհուրդը հեռու լինի ինձանից:
  • 17Ամբարիշտների ճրագը քանի՜ անգամ կ’հանգչի, եւ նորանց վերայ կ’գայ իրանց տառապանքը. նորանց համար Նա ցաւեր կ’բաժանէ իր բարկութեամբը:
  • 18Նորանք կ’դառնան ինչպէս յարդ քամիի առաջին, եւ ինչպէս մղեղ, որին յափշտակել է մրրիկը:
  • 19Ասում ես՝ Աստուած նորա յանցանքը պահում է նորա որդկանցը համար. թող նորան իրան հատուցանէ, որ նա հասկանայ:
  • 20Թող իր աչքերը տեսնեն իր կորուստը, եւ թող նա խմէ Ամենակարողի բարկութիւնիցը.
  • 21Որովհետեւ նա ի՞նչ պիտի զուարճանայ իր տունովն իրանից յետոյ, երբոր նորա ամիսների թիւը կտրուած է:
  • 22Մի՞թէ կարելի է Աստուծուն գիտութիւն ուսուցանել, որ նա բարձրերին դատում է:
  • 23Մէկը մեռնում է իր կատարելութեան մէջտեղը, բոլորովին հանդարտ եւ հանգիստ.
  • 24Նորա անօթները լիքն են կաթով, եւ նորա ոսկորների ծուծը հիւթալի է:
  • 25Իսկ միւսը մեռնում է դառն հոգով, եւ բարիք չէ ճաշակել:
  • 26Բայց մէկտեղ են պառկում հողին վերայ, եւ որդերը ծածկում են նորանց:
  • 27Ահա գիտեմ ձեր խորհուրդները. եւ այն նենգութիւնները՝ որ հնարել էք ինձ դէմ:
  • 28Որ ասում էք. Ու՞ր է ազնուականի տունը. եւ ու՞ր է ամբարիշտների բնակութիւնների վրանը:
  • 29Չ՞էք հարցրել ճանապարհորդներին, եւ նորանց նշանները չ՞էք հասկանում.
  • 30Թէ կորստեան օրը չարը պահպանվում է, բարկութեան օրը նորանք դէն են քշվում:
  • 31Ո՞վ կ’իմացնէ նորա երեսին նորա ճանապարհը, եւ նա անելիս՝ ո՞վ կ’հատուցանէ նորան:
  • 32Եւ նա տարվում է գերեզմանանոցը, եւ նորա տապանի վերայ պահապան են գնում:
  • 33Քաղցր են նորա համար հովտի կոշտերը, եւ նորա ետեւից հետեւում են բոլոր մարդիկը, եւ նորանից առաջիններին թիւ չ’կայ:
  • 34Եւ ինձ ի՜նչպէս էք մխիթարում փուճ բանով, եւ ձեր պատասխաններումը մնում է ստութիւն:
← Ցանկ