ՅՈԲ28
  • 1Արդարեւ արծաթը երակ ունի. Եւ ոսկին՝ տեղ, ուր որ նորան զտում են.
  • 2Երկաթը հողիցն է առնվում, եւ քարը հալվում է պղինձ դառնում։
  • 3Մարդը վախճան է դնում խաւարին, եւ նա բոլորովին կատարելապէս քննում է քարը խաւարումը եւ մահի ստուերումը։
  • 4Քանդում է հորը բնակողի կշտին, ոտքից մոռացուած տեղերը. Կախ են ընկնում մարդկանցից օրօրվում։
  • 5Երկիրը՝ որից դուրս է գալիս հաց, իսկ նորա տակը իբր թէ կրակով է քանդուած.
  • 6Նորա քարերը շափիւղայի տեղն է, եւ ոսկիի աւազ կայ նորանում։
  • 7Նորա ճանապարհը չ’գիտէ յափշտակող թռչունը, եւ անգղի աչքը նորան չէ տեսել։
  • 8Նորան չեն կոխ տուել խրոխտ գազանները. Առիւծը չէ անց կացել նորա վերայ։
  • 9Նա ապառաժին է ձեռնամուխ լինում, սարերն՝ արմատիցը տապալում.
  • 10Ժայռերումը ջրմուղներ է ճղոտում, եւ նորա աչքը տեսնում է ամեն թանկագին բան։
  • 11Գետերին արգելում է ծորելուց, եւ գաղտուկը հանում է լոյս աշխարհ։
  • 12Բայց իմաստութիւնը ո՞րտեղ է գտնվում, եւ ո՞րն է հանճարի տեղը։
  • 13Մարդս չ’գիտէ նորա արժէքը, եւ նա չի գտնուիլ կենդանեաց երկրումը։
  • 14Անդունդն ասում է. Նա ինձանում չէ, եւ ծովն ասում է. Ինձ մօտ չ’կայ։
  • 15Նորա փոխարէն ամենամաքուր ոսկին չի տրուիլ, եւ արծաթը չի վճարուիլ իբրեւ նորա գինը։
  • 17Նորան չ’արժեն ոսկի ու ակնվանի, եւ նա չի փոխուիլ ոսկեկուռ անօթների հետ։
  • 18Բուստն ու բիւրեղը չեն էլ յիշուիլ. Եւ իմաստութեան ստացուածքը մարգարիտներից առաւել է։
  • 19Նորան չ’արժէ Եթէովպայի տպազիոնը. Մաքուր ոսկիով նա չի գնահատուիլ։
  • 20Ուրեմն իմաստութիւնը ո՞րտեղից է գալիս, եւ ո՞րն է հանճարի տեղը։
  • 21Նա ծածկուած է բոլոր կենդանիների աչքերից էլ, եւ երկրի թռչուններիցն էլ թաքցրուած է։
  • 22Կորուստն ու մահն ասում են, մենք միայն նորա համբաւն ենք լսել ականջներովս.
  • 23Աստուած գիտէ նորա ճանապարհը, եւ նա է ճանաչում նորա տեղը։
  • 24Որովհետեւ նա է մինչեւ երկրի ծայրերը նայում. Բոլոր երկնքի տակը տեսնում է։
  • 25Քամիին կշիռ դնելիս, եւ ջուրերը չափով չափելիս,
  • 26Անձրեւի համար օրէնք շինելիս, եւ ճանապարհ՝ որոտալից կայծակի համար.
  • 27Այն ժամանակ նա տեսել ու համարել է նորան, պատրաստել եւ քննել էլ է նորան.
  • 28Եւ մարդին ասել է. Ահա Տիրոջ երկիւղն է իմաստութիւնը, եւ չարութիւնից հեռանալը հանճար է։
← Ցանկ