ՅՈԲ32
- 1Եւ այս երեք մարդիկը դադարեցին Յոբին պատասխան տալուց, որովհետեւ նա իր աչքին արդար էր։
- 2Եւ Ռամի ցեղից Բուզացի Բարաքիէլի որդի՝ Եղիուսի բարկութիւնը բորբոքուեց. Նորա բարկութիւնը բորբոքուեց Յոբի վերայ՝ իր անձն Աստուածանից արդարացնելու համար։
- 3Եւ իր երեք ընկերների դէմ էլ բորբոքուեց նորա բարկութիւնը, նորա համար որ պատասխան չ’գտան, եւ Յոբին յանցաւոր էին անում։
- 4Եւ Եղիուսն սպասել էր Յոբի խօսելուն, որովհետեւ նորանք հասակով նորանից ծեր էին։
- 5Բայց երբոր Եղիուսը տեսաւ, որ այն երեք մարդկանց բերանումը պատասխան չ’կար, այն ժամանակ բորբոքուեց նորա բարկութիւնը։
- 6Եւ Բուզացի Բարաքիէլի որդի Եղիուսը պատասխանելով ասեց. Ես հասակով փոքր եմ, իսկ դուք ալեւորներ էք. Նորա համար ես ետ կացի եւ վախեցի իմ գիտութիւնը ձեզ յայտնելու։
- 7Ասեցի. Թող տարիքը խօսեն, եւ տարիների շատութիւնը իմաստութիւն հասկացնեն։
- 8Բայց մարդիս միջինը հոգին է, եւ Ամենակարողի շունչն է նորանց հանճար տալիս։
- 9Մեծերը չեն իմաստունը, եւ ծերերը չեն դատաստան հասկացողը։
- 10Նորա համար ասեցի. Ինձ մտիկ արա, որ գիտեցածս ես էլ պատմեմ։
- 11Ահա ես սպասել եմ ձեր խօսքերին, ականջ եմ դրել ձեր հասկացողութեանը, մինչեւ որ քննեցիք խօսքերը։
- 12Եւ երբոր ուշադրութեամբ ձեզ մտիկ էի անում, ահա Յոբին յանդիմանող չ’կար ձեզանից, որ պատասխանէր նորա ասածներին։
- 13Միայն թէ չ’ասէք՝ թէ Իմաստութիւն գտանք. Աստուած կ’յաղթէ նորան, ոչ թէ մարդ։
- 14Եւ նա ինձ դէմ չ’շարեց իր խօսքերը, ես էլ ձեր խօսքերովը չեմ պատասխանելու իրան։
- 15Նորանք ապշեցին, այլեւս չ’պատասխանեցին, խօսքերը հեռացան նորանցից։
- 16Եւ ես սպասել եմ մինչեւ որ էլ չեն խօսում, մինչեւ որ կանգնել են եւ էլ չեն պատասխանում։
- 17Ես էլ եմ խօսելու իմ բաժինը, գիտեցածս ես էլ ասեմ։
- 18Որովհետեւ լիքն եմ խօսքերով, ներսիս հոգին նեղում է ինձ։
- 19Ահա որովայնս չ’բացուած գինիի նման է. Նոր տկերի պէս, որ տրաքվում են։
- 20Ասեմ որ հանգստանամ. Շրթունքներս բանամ եւ պատասխանեմ.
- 21Ոչ ոքի երեսպաշտութիւն չ’անեմ, եւ ոչ մէկի չ’շողոքորթեմ.
- 22Որովհետեւ ես շողոքորթել չ’գիտեմ. Շուտով կ’վերացնէր ինձ իմ Արարիչը։
