ՅՈԲ34
  • 1Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.
  • 2Լսեցէք իմ խօսքը, ով իմաստուններ, եւ ով գիտուններ, ականջ դրէք ինձ։
  • 3Որովհետեւ ականջը կ’որոշէ խօսքերը, եւ քիմքը կ’առնէ կերակուրի համը։
  • 4Իրաւունք ընտրենք մեզ համար. Իմանանք մեր մէջ, թէ ի՞նչն է բարի։
  • 6Իրաւունքիս դէմ ստե՞մ. Անբուժելի է իմ վէրքը՝ առանց յանցանքի։
  • 7Ո՞ր մարդը կայ Յոբի նման, որ հայհոյութիւնը խմում է ջրի պէս,
  • 8Եւ գնում է ընկերանում չարագործների հետ, եւ ման գալիս ամբարիշտ մարդկանց հետ.
  • 9Որովհետեւ ասեց. Օգուտ չ’ունի մարդս, Աստուծոյ հաճութեան մէջ լինելով։
  • 10Սորա համար, ով իմաստուն մարդիկ, ինձ լսեցէք, քաւ լիցի որ Աստուած չարութիւն անէ եւ Ամենակարողը՝ անօրէնութիւն։
  • 11Որովհետեւ մարդս անում է, եւ Աստուած վճարում է նորան. Եւ մարդիս ճանապարհին համեմատ գտնել է տալիս նորան։
  • 12Բայց յիրաւի Աստուած անօրէնութիւն չի անիլ, եւ Ամենակարողը չի ծռիլ իրաւունքը։
  • 13Ո՞վ յանձնեց նորան երկիրը, եւ ո՞վ կարգի դրաւ բոլոր աշխարհքը։
  • 14Եթէ նա իրան վերայ դարձնէ իր սիրտը, իր հոգին եւ իր շունչը ժողովէ իրան մօտ.
  • 15Ամեն մարմին միասին կ’մեռնի, եւ մարդս հողը կ’դառնայ։
  • 16Եւ եթէ խելք ունիս, լսիր այս բաները. Ականջ դիր իմ խօսքերի ձայնին։
  • 17Մի՞թէ արդարութիւն ատողը կարող է իշխել. Եւ կամ թէ արդար Հզօրին կարո՞ղ ես յանցաւոր անել.
  • 18Նա որ թագաւորին ասում է՝՝. Ով անպիտան. Ազնուականներին՝ Ով չար։
  • 19Նա որ իշխաններին աչառութիւն չի անիլ, եւ հարուստին աւելի ուշադրութիւն չի անիլ աղքատիցը, որովհետեւ ամենքն էլ նորա ձեռքի գործն են։
  • 20Մէկ վայրկեանում կ’մեռնեն, եւ մի կէս գիշերում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, եւ զօրաւորներն անց են կենում՝ առանց ձեռք դպչելու։
  • 21Որովհետեւ նորա աչքերը մարդիս ճանապարհների վերան են. Եւ նորա բոլոր քայլերը նա տեսնում է։
  • 22Ոչ խաւար կայ, եւ ոչ մահուան ստուեր, որ այնտեղ թաքչուէին չարագործները։
  • 23Որովհետեւ մարդիս էլ չէ ստիպում, որ դատի համար Աստուծոյ մօտ գնայ։
  • 24Նա փշրում է մեծամեծներին առանց քննութեան, եւ ուրիշներին՝ դնում նորանց տեղը։
  • 25Եւ այսպէս տեղեակ է նորանց գործերիցը, եւ տապալում է գիշերը, եւ նորանք ջարդվում են։
  • 26Որովհետեւ անզգամ մարդիկ են. Ծեծում է նորանց հանդիսատեսների տեղումը.
  • 27Նորա համար որ նորան հետեւելուցը հեռացան, եւ նորա բոլոր ճանապարհներին խելամուտ չ’եղան։
  • 28Այնպէս որ նորա մօտ գնաց աղքատի աղաղակը. Եւ նա զրկեալների աղաղակը լսեց։
  • 29Եւ եթէ նա հանգստացնէ, ո՞վ է կարող ներել, եւ եթէ նա երեսը ծածկէ, ո՞վ է կարող նորան տեսնել. Թէ մի ազգի համար, թէ մէկ մարդի համար՝ մէկ է.
  • 30Որպէսզի չ’թագաւորէ կեղծաւորը, եւ ժողովրդի որոգայթ չ’լինի։
  • 31Որովհետեւ պէտք է ասել Աստուծոյ, թէ Ինձ բարձրացրի՝՝. Էլ չարութիւն չեմ անիլ.
  • 32Այն որ չեմ տեսնում, ինձ սովորեցրու. Եթէ ամբարշտութիւն եմ գործել, էլ չեմ անիլ։
  • 33Մի՞թէ քո գաղափարի պէս է հատուցանելու, որ դու հակառակում ես. Ուրեմն դու պիտի ընտրես եւ ոչ թէ ես. Ինչ որ գիտես՝ ասիր։
  • 34Իմաստուններն ինձ կ’ասեն, նոյնպէս եւ գիտուն մարդը՝ որ ինձ լսում է,
  • 35Թէ Յոբը գիտութիւնով չէ խօսել, եւ նորա խօսքերը իմաստութեամբ չեն.
  • 36Ոհ եթէ Յոբը փորձուէր իսպառ, ամբարիշտ մարդկանց պէս տուած պատասխանների համար։
  • 37Որովհետեւ մեղքի վերայ յանցանք աւելացրեց. Մեր միջում ծափ է տալիս, եւ շատացնում է իր խօսքերը Աստուծոյ դէմ։
← Ցանկ