ՍԱՂՄՈՍ10
  • 1Ով Տէր, ի՞նչու ես հեռու կենում, եւ թագցնում քեզ նեղութեան ժամանակներումը։
  • 2Ամբարշտի ամբարտաւանութիւնովը այրվում է աղքատը. թող բռնուին այն չար խորհուրդներովը, որ հնարեցին։
  • 3Որովհետեւ ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկութիւնովը, եւ ագահն անիծում և անարգում է Տիրոջը։
  • 4Ամբարիշտն իր երեսի ամբարտաւանութիւնովն ասում է. Երբէք չի խնդրում, Աստուած չ’կայ. Նորա բոլոր խորհուրդները սա է։
  • 5Նորա ճանապարհները խիստ են ամեն ժամանակ. քո դատաստանները բարձր են նորա երեսիցը. Նա իր ամեն թշնամիների վերայ փքվում է։
  • 6Նա ասում է իր սրտումը. Ես ազգից ազգ չեմ շարժուիլ, չար բան չի գալ ինձ վերայ։
  • 7Նորա բերանը լիքն է անէծքով, նենգութիւնով եւ խաբէութիւնով. նորա լեզուի տակին ցաւ եւ անօրէնութիւն կայ։
  • 8Նա գիւղերի դարանն է մտնում, ծածուկ տեղը սպանում է անմեղին. նորա աչքերը ծածուկ նայում են խեղճի վերայ.
  • 9Թագուն տեղը դարանամուտ է լինում ինչպէս առիւծ իր որջին մէջ. Դարան է մտնում, որ աղքատին յափշտակէ, եւ յափշտակում է աղքատին՝ նորան իր որոգայթին մէջ գցելով։
  • 10Եւ կուչ է գալիս պառկում. Եւ խեղճերը ընկնում են նորա ճանկերի տակ։
  • 11Նա իր սրտումն ասում է. Աստուած մոռացաւ, իր երեսը թագցրեց. Նա չի տեսնիլ իսպառ։
  • 12Վեր կաց, Տէր՝ ով Աստուած, բարձրացրու քո ձեռքը. Մի մոռանար նեղեալներին։
  • 13Ամբարիշտն ի՞նչու հայհոյէ Աստուծուն, եւ իր սրտումն ասէ՝ թէ Դու չես խնդրում։
  • 14Դու տեսնում ես. Որովհետեւ դու մտիկ ես անում այն ցաւին ու նեղութեանը, որ քո ձեռքովը հատուցանես. աղքատն իրան քեզ է յանձնում. դու ես որբի օգնականը։
  • 15Կոտրիր ամբարշտի եւ չարի բազուկը, որ նորա չարութիւնը խնդրես եւ էլ չ’գտնես։
  • 16Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը։
  • 17Դու լսում ես աղքատների ցանկութիւնը. Տէր, հաստատիր նորանց սիրտը, և ականջ դիր,
  • 18Որ դատաստան անես որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չ’հալածէ։
← Ցանկ