ՍԱՂՄՈՍ104
- 1Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. Ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. գեղեցկութիւն եւ փառք հագած ես։
- 2Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր։
- 3Նա իր վերնատուները ջրերի վերայ է շինում, ամպերը շինում է իրան կառք. քամիի թեւերի վերայ է գնում։
- 4Իր հրեշտակները քամիներ է շինում, իր պաշտօնեաները այրող կրակ։
- 5Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան։
- 6Անդունդովը ծածկեցիր նորան ինչպէս հանդերձով. Ջուրերը կանգնում են սարերի վերայ։
- 7Քո սաստելուցը փախչում են նորանք, քո որոտմունքի ձայնիցը սարսափելով ետ են գնում։
- 8Սարերը բարձրանում են, ձորերը իջնում՝ այնտեղ ուր որ հաստատեցիր նորանց համար։
- 9Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ. յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն։
- 10Դու աղբիւրներ ես բղխեցնում ձորերումը. Սարերի միջովը գնում են նորանք։
- 11Նորանք խմեցնում են բոլոր վայրի գազաններին, եւ վայրի էշերը կոտրում են իրանց ծարաւը։
- 12Նորանց վերայ երկնքի թռչուններն են բնակվում. Ճիւղերի միջիցը ձայն են տալիս։
- 13Նա խմեցնում է սարերին իր վերնատներիցը. քո գործերի պտուղներովը կշտացնում ես երկիրը։
- 14Խոտ է բուսցնում անասունների համար. Եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց հանես երկրիցը։
- 15Եւ գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. Եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը։
- 16Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրերը, որ նա տնկեց։
- 17Որ այնտեղ թռչունները բոյն են դնում, եւ արագիլը եղեւինների վերայ շինում է իր տունը։
- 18Բարձր սարերը վայրի այծերի համար ապաւէն են, եւ վէմերը՝ ճագարների։
- 19Նա շինեց լուսինը ժամանակների համար, արեգակը ճանաչում է իր մուտքը։
- 20Խաւար ես դնում՝ եւ գիշեր է լինում. Նորանում ման են գալիս անտառի ամեն գազանները։
- 21Առիւծների կորիւնները մռնչում են յափշտակելու, եւ Աստուածանից խնդրում են իրանց կերակուրը։
- 22Երբոր արեգակը դուրս է գալիս՝ ետ են քաշվում, եւ իրանց որջերումը պառկում։
- 23Մարդը դուրս է գնում իր գործին եւ իր ծառայութեանը՝ մինչեւ իրիկուն։
- 24Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. Նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. Երկիրը լիքն է քո ստեղծուածներովը։
- 25Այս մեծ եւ լայն ծովն է. Այնտեղ սողացողները անթիւ են. Փոքր կենդանիներ մեծերի հետ։
- 26Այնտեղ նաւերը ման են գալիս. Այն լեւիաթանը դու ստեղծեցիր, որ խաղայ նորանում։
- 27Սորանք ամենքը քեզ են սպասում, որ նորանց կերակուր տաս իրանց ժամանակին։
- 28Դու տալիս ես նորանց, եւ նորանք հաւաքում են. Դու բաց ես անում քո ձեռքը եւ կշտանում են բարիքով։
- 29Երբոր ծածկում ես քո երեսը՝ սարսափում են. երբոր վեր ես առնում նորանց հոգին՝ մեռնում են, եւ իրանց հողին են դառնում։
- 30Հոգիդ ուղարկում ես՝ ստեղծվում են. Եւ դու նորոգում ես երկրի երեսը։
- 31Տիրոջ փառքը յաւիտեան լինի. Տէրն ուրախ լինի իր գործերովը։
- 32Նա նայում է երկրի վերայ, եւ սա դողում է. Նա դպչում է սարերին, եւ նորանք ծխում են։
- 33Ես կ’օրհնեմ Տիրոջն իմ կեանքումը. Սաղմոս կ’ասեմ իմ Աստուծուն քանի որ կամ։
- 34Քաղցր պիտի լինի իմ մտածութիւնը նորա վերայ. Ես ուրախ կ’լինիմ Տէրով։
- 35Մեղաւորները կ’պակասեն երկրիցը, եւ ամբարիշտներն էլ չեն լինիլ. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Ալէլուիա։
