ՍԱՂՄՈՍ105
- 1Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը։
- 2Օրհնեցէք նորան. Սաղմոս ասեցէք նորան. խօսեցէք նորա ամեն հրաշքները։
- 3Պարծենցէք նորա սուրբ անունովը. Ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։
- 4Խնդրեցէք Տիրոջը եւ նորա զօրութիւնը. Խնդրեցէք նորա երեսը ամեն ժամանակ։
- 5Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ. Նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։
- 6Ով նորա Աբրահամ ծառայի զաւակները, նորա ընտրեալ Յակոբի որդիքը։
- 7Ինքը Եհովան է մեր Աստուածը. նորա իրաւունքներն ամեն երկրի մէջ են։
- 8Նա յիշում է յաւիտեան իր ուխտը. Այն խօսքը որ պատուիրեց մինչեւ հազար ազգ.
- 9Այն որ Աբրահամի հետ դրաւ. Եւ իր երդումը՝ Իսահակի հետ։
- 10Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.
- 11Ասելով. Քեզ կ’տամ Քանանի երկիրը, որ ձեզ ժառանգութեան երկիր լինի.
- 12Երբ նորանք սակաւաթիւ էին, քիչ եւ պանդուխտ՝ նորանում.
- 13Եւ ազգից ազգ էին գնում, թագաւորութիւնից՝ ուրիշ ժողովրդի մէջ։
- 14Նա թոյլ չ’տուաւ մարդկանց որ նեղացնեն նորանց. Եւ թագաւորներ պատժեց նորանց համար.
- 15Մի դպչիք իմ օծեալներին, եւ իմ մարգարէներին չար մի անէք։
- 16Եւ սով կանչեց երկրի վերայ, եւ հացի ամեն զօրութիւնը կոտրեց։
- 17Նորանց առաջից մարդ ուղարկեց. Յովսէփը ծառայութեան մէջ ծախուեցաւ։
- 18Չարչարեցին նորա ոտները կապանքի մէջ. Նորա անձը երկաթի մէջ մտաւ։
- 19Մինչեւ այն ժամանակ որ նորա խօսքն եկաւ. Տիրոջ խօսքը փորձեց նորան։
- 20Թագաւորն ուղարկեց եւ արձակեց նորան. Նա որ տիրապետում էր ժողովուրդներին՝ ազատեց նորան։
- 21Նա տէր դրաւ նորան իր տան վերայ, եւ իշխան իր ամեն ստացուածքի վերայ.
- 22Որ իշխաններին կապէ իր կամքի պէս, եւ ծերերին իմաստուն անէ։
- 23Եւ Իսրայէլն եկաւ Եգիպտոս. Եւ Յակոբը պանդուխտ եղաւ Քամի երկրումը։
- 24Եւ նա խիստ շատացրեց իր ժողովուրդը, եւ նորան զօրեղացրեց իր թշնամիներիցը։
- 25Փոխեց նորանց սիրտերը, որ ատեն իր ժողովուրդը, որ նենգութիւն անեն իր ծառաների դէմ։
- 26Իր ծառայ Մովսէսին ուղարկեց, Ահարօնին՝ որ ընտրել էր։
- 27Նորանք ցոյց տուին նորանց մէջ նորա նշանների գործերը, եւ հրաշքներ Քամի երկրումը։
- 28Խաւար ուղարկեց եւ խաւարեցրեց, եւ նորա խօսքին չ’հակառակուեցան։
- 29Նորանց ջուրերը փոխեց արիւն, եւ նորանց ձկներն սպանեց։
- 30Նորանց երկիրը գորտեր դուրս տուաւ, թագաւորի ներսի սենեակներումն էլ։
- 31Ասեց՝ եւ շանաճանճն եկաւ. Մժեղներն էլ՝ նորանց բոլոր սահմանների մէջ։
- 32Անձրեւի տեղ կարկուտ տուաւ նորանց, եւ կրակի բոց՝ նորանց երկրումը։
- 33Նորանց որթերն ու թզենիները զարկեց, եւ նորանց սահմանների ծառերը փշրեց։
- 34Ասեց՝ եւ մարախն ու թրթուրն եկաւ, որ թիւ չ’կար.
- 35Որ կերաւ բոլոր խոտը նորանց երկրումը. Եւ նորանց արտերի պտուղը կերաւ։
- 36Եւ զարկեց նորանց երկրումն ամեն անդրանիկներին՝ եւ նորանց զօրութեան ամեն առաջիններին։
- 37Եւ նորանց հանեց արծաթով եւ ոսկիով, եւ նորանց ցեղերումը տկար մարդ չ’կար։
- 38Եգիպտոսն ուրախացաւ նորանց դուրս գալու վերայ, որ սորանց սարսափն ընկել էր նորանց վերայ։
- 39Ամպ տարածեց որ հովանի լինի, եւ կրակ՝ որ գիշերը լոյս տայ։
- 40Խնդրեցին եւ նա լորամարգիներ բերաւ. Եւ երկնքի հացով կշտացրեց նորանց։
- 41Վէմը պատառեց եւ ջուրեր բղխեցին. Գետեր գնացին անջուր տեղերումը։
- 42Որովհետեւ նա յիշեց իր սուրբ խօսքը, եւ իր Աբրահամ ծառային։
- 43Եւ հանեց իր ժողովրդին ցնծումով, եւ իր ընտրեալներին ուրախութիւնով։
- 44Եւ հեթանոսների երկիրները տուաւ նորանց, եւ ազգերի վաստակները ժառանգեցին նորանք.
- 45Որ նորա պատուիրանքները պահեն եւ նորա օրէնքները կատարեն։ Ալէլուիա։
