ՍԱՂՄՈՍ106
  • 1Ալէլուիա։ Գոհացէք Տէրիցը որ բարի է. Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
  • 2Ո՞վ կ’պատմէ Տիրոջ զօրութիւնը. Ո՞վ կ’իմացնէ նորա բոլոր գովասանքը։
  • 3Երանի իրաւունք պահողներին եւ ամեն ժամանակ արդարութիւն անողներին։
  • 4Յիշիր ինձ, Տէր, քո ժողովրդի վերայ ունեցած հաճութեանդ պէս, այցելութիւն արա ինձ քո փրկութիւնովը։
  • 5Որ տեսնեմ քո ընտրեալների յաջողութիւնը. Ուրախանամ քո ազգի ուրախութիւնովը. Պարծենամ քո ժառանգութիւնովը։
  • 6Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ. Անօրէնութիւն արինք եւ ամբարշտութիւն գործեցինք։
  • 7մեր հայրերը Եգիպտոսումը չ’հասկացան քո հրաշքները. Չ’յիշեցին քո մեծ ողորմութիւնը եւ հակառակ կացան ծովի մօտ՝ Կարմիր ծովի մօտ։
  • 8Բայց նա փրկեց նորանց իր անունի համար, որ հասկացնէ իր զօրութիւնը։
  • 9Եւ կարմիր ծովին սաստեց՝ եւ նա ցամաքեց, եւ նորանց գնալ տուաւ անդունդի միջովն ինչպէս անապատում։
  • 10Եւ նորանց փրկեց ատողի ձեռքիցը. Եւ նորանց ազատեց թշնամիի ձեռքիցը։
  • 11Եւ ջուրերը ծածկեցին նորան նեղացնողներին, որ նորանցից մէկն էլ չ’մնաց։
  • 12Եւ հաւատացին նորա խօսքերին, օրհնեցին նորա օրհնութիւնը։
  • 13Բայց շուտով մոռացան նորա գործերը, եւ չ’սպասեցին նորա խորհուրդներին։
  • 14Եւ ցանկացան ցանկութիւնով անապատումը, եւ փորձեցին Աստուծուն անջուր տեղումը։
  • 15Եւ նա նորանց տուաւ իրանց ուզածը. Եւ վատուժութիւն ուղարկեց նորանց անձերին։
  • 16Եւ նորանք նախանձեցին Մովսէսի դէմ բանակումը, եւ Տիրոջ սուրբ՝ Ահարօնի դէմ։
  • 17Երկիրը բացուեցաւ եւ կուլ տուաւ Դաթանին. Եւ ծածկեց Աբիրոնի ժողովքին։
  • 18Կրակ բորբոքուեցաւ նորանց ժողովքումը. Բոց մաշեց ամբարիշտներին։
  • 19Հորթ շինեցին Քորեբումը եւ երկրպագութիւն տուին ձուլածոյ պատկերին։
  • 20Եւ իրանց փառքը փոխեցին խոտաճարակ հորթի նմանութեան։
  • 21Մոռացան իրանց փրկիչ Աստուծուն, որ մեծամեծ գործեր արաւ Եգիպտոսումը,
  • 22Հրաշքներ Քամի երկրումը, ահաւոր բաներ կարմիր ծովի վերայ։
  • 23Եւ ասեց որ սատկեցնէ նորանց, եթէ նորա ընտրեալ Մովսէսը կանգնած չ’լինէր մէջտեղը նորա առաջին որ ետ դարձնէ նորա բարկութիւնը սատակեցնելուց։
  • 24Եւ նորանք անարգեցին այն ցանկալի երկիրը. չ’հաւատացին նորա խօսքին։
  • 25Տրտնջեցին իրանց վրաններումը, Տիրոջ ձայնին չ’լսեցին։
  • 26Եւ նա բարձրացրեց իր ձեռքը նորանց վերայ, որ նորանց վայր գցէ անապատումը.
  • 27Եւ նորանց զաւակը հեթանոսների մէջ գցէ, եւ նորանց ցրուէ երկիրների մէջ։
  • 28Բայց նորանք Բել-Փեգովրին կպան, եւ մեռելների զոհերը կերան։
  • 29Եւ բարկացրին Աստուծուն իրանց գործերովը, եւ ժանտամահը հասաւ նորանց վերայ։
  • 30Ապա Փենեհէսը վեր կացաւ եւ դատաստան արաւ, եւ մահն արգիլուեցաւ։
  • 31Եւ սա համարուեցաւ նորան արդարութիւն ազգից մինչեւ ազգ յաւիտեան։
  • 32Եւ բարկացրին նորան Մերիբայի ջրերի վերայ, եւ Մովսէսին չար եղաւ նորանց պատճառովը։
  • 33Որովհետեւ դառնացրին նորա հոգին, եւ նա մեղանչեց իր շրթունքներովը։
  • 34Նորանք չ’կորցրին այն ազգերին, որ Տէրն ասեց նորանց.
  • 36Եւ ծառայեցին նորանց կուռքերին. նորանք էլ որոգայթ եղան նորանց համար։
  • 37Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին։
  • 38Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. Եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։
  • 39Եւ նորանք պղծուեցան իրանց գործերովը, եւ պոռնկութիւն արին իրանց արարմունքներովը։
  • 40Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց իր ժողովրդի վերայ, եւ նա զզուեց իր ժառանգութիւնիցը։
  • 41Եւ նորանց մատնեց հեթանոսների ձեռքը. Եւ նորանց ատողները տիրապետեցին նորանց վերայ։
  • 42Եւ նորանց թշնամիները նեղացրին նորանց, եւ նորանք խոնարհուեցան նորանց ձեռքի տակ։
  • 43Նա շատ անգամ փրկեց նորանց, բայց նորանք դառնացրին նորան իրանց խորհուրդներովը, եւ փչացան իրանց անօրէնութիւնների պատճառով։
  • 44Եւ նա նայեց նորանց նեղութեանը, երբոր նորանց աղաղակը լսեց։
  • 45Եւ իր ուխտը յիշեց նորանց համար, եւ զղջաց իր մեծ ողորմութեան պէս։
  • 46Եւ նորանց ողորմութիւն գտնել տուաւ այն ամենի առաջին, որ գերի արին նորանց։
  • 47Փրկիր մեզ, ով Տէր՝ մեր Աստուածը, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունիցը եւ օրհնութիւնովդ պարծենանք։
  • 48Օրհնեալ է Եհովան՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ Ալէլուիա։
← Ցանկ