ՍԱՂՄՈՍ107
- 1Գոհացէք Տէրիցը, որ բարի է. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
- 2Տիրոջ փրկուածներն ասեն, որ նորանց փրկեց թշնամիի ձեռքիցը։
- 3Որ նորանց ժողովեց երկիրներիցը՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովից.
- 4Որ նորանք մոլորուած էին անապատումը՝ անջուր ճանապարհումը, որ բնակուելու քաղաք չ’գտան.
- 5Սոված եւ ծարաւ էին, եւ նորանց անձերը թուլացան իրանցում.
- 6Եւ նորանք դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա փրկեց նորանց իրանց վիշտերիցը.
- 7Եւ առաջնորդեց նորանց ուղիղ ճանապարհով որ բնակուելու քաղաք գնան։
- 8Թող գոհանան տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
- 9Որ նա կշտացնում է կարօտած անձին, եւ լցնում է սոված անձը բարութիւնով։
- 10Նորանք որ նստում էին խաւարի եւ մահի շուքումը նեղութիւնով եւ երկաթով կապուած.
- 11Որովհետեւ Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. Եւ Բարձրեալի խորհուրդներն անարգեցին.
- 12Եւ նա նորանց սիրտը խոնարհեցրեց նեղութիւնով, որ տկարացան, եւ ոչ ով չ’կար որ օգնէր.
- 13Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
- 14Նորանց հանեց խաւարիցը եւ մահուան շուքիցը եւ նորանց կապանքները կոտրատեց.
- 15Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։
- 16Որովհետեւ նա պղնձի դռները փշրեց եւ երկաթի նիգերը կոտրատեց.
- 17Յիմարներն իրանց անօրէնութեան ճանապարհի համար, եւ իրանց անիրաւութիւնների համար նեղութիւն քաշեցին.
- 18Նորանց անձերը ամեն կերակրից զզուեցին, եւ մինչեւ մահի դռները մօտեցան.
- 19Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը.
- 20Իր խօսքն ուղարկեց եւ նորանց բժշկեց, եւ նորանց ազատեց իրանց կորուստիցը։
- 21Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.
- 22Եւ գոհութեան պատարագներ մատուցանեն, եւ նորա գործերը պատմեն ցնծութիւնով։
- 23Նորանք որ ծովն են իջնում նաւերով, եւ գործ կատարում շատ ջրերում.
- 24Նորանք տեսան Տիրոջ գործերը եւ նորա հրաշքները անդունդում։
- 25Նա ասեց՝ եւ մրրիկ քամի վեր կացաւ. Նորա ալիքները բարձրացրեց.
- 26Վեր ելան երկինքը, վայր իջան անդունդը. Եւ նորանց անձերը մաշուեցան նեղութիւնով.
- 27Շփոթուեցան եւ տատանուեցան ինչպէս արբած մարդ. Եւ նորանց ամեն իմաստութիւնը կորաւ։
- 28Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը։
- 29Մրրիկ քամին հանդարտութեան դարձրեց. Եւ նորա ալիքները հանգստացան.
- 30Եւ նորանք ուրախացան որ դադարեց. Եւ նա առաջնորդեց նորանց դէպի նաւահանգիստ, որ ցանկանում էին նորան.
- 31Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։
- 32Եւ բարձր անեն նորան ժողովրդի ժողովքումը, եւ ծերերի ատեանումն օրհնեն նորան։
- 33Նա գետերն անապատ է դարձնում եւ ջրերի գնացքները՝ ծարաւ երկիր.
- 34Պտղաբեր երկիրն աղի հող՝ նորա մէջ բնակողների չարութեան համար։
- 35Անապատը ջրերի լիճ է փոխում, եւ ծարաւ երկիրը՝ ջրերի գնացք.
- 36Եւ այնտեղ բնակեցնում է սովածներին, եւ նորանք քաղաք են հաստատում բնակուելու համար։
- 37Եւ արտեր են ցանում, եւ այգիներ տնկում, որ արմտիքների պտուղ բերեն։
- 38Եւ նա օրհնում է նորանց որ շատ շատանան. Եւ նորանց անասունները չէ պակասեցնում.
- 39Դարձեալ պակասվում են եւ ցածանում չարիքների նեղութիւնից եւ տրտմութիւնից։
- 40Նա անարգանք է թափում իշխանների վերայ եւ նորանց մոլորեցնում է անճանապարհ անապատումը.
- 41Բայց բարձրացնում է աղքատին խեղճութիւնից, եւ նորա ցեղը ոչխարների հօտի պէս է շինում։
- 42Ուղիղներն այս կ’տեսնեն եւ ուրախ կ’լինին. Եւ ամեն անօրէնութիւն կ’խփէ իր բերանը։
- 43Ո՞վ է իմաստուն որ այս բաները պահէ. Եւ նա կ’հասկանայ Տիրոջ ողորմութիւնները։
