ՍԱՂՄՈՍ109
- 1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Ով իմ փառքի Աստուած, լուռ մի կենար։
- 2Որովհետեւ ամբարշտի բերանը եւ նենգաւորի բերանը բացուեցան ինձ վերայ. Սուտ լեզուով խօսում են ինձ դէմ։
- 3Եւ ատելութեան խօսքերով պատում են ինձ, եւ զուր տեղը կռվում են ինձ դէմ։
- 4Իմ սէրի փոխարէն հակառակում են ինձ, բայց ես աղօթք եմ անում։
- 5Եւ փոխանակ բարիի չար են հատուցանում ինձ, եւ իմ սէրի փոխարէն՝ ատելութիւն։
- 6Մէկ ամբարիշտ դիր նորա վերայ, եւ սատանան թող կանգնի՝ նորա աջ կողմին։
- 7Երբոր նա դատուի թող դատապարտուած դուրս գայ, եւ նորա աղօթքը մեղքի փոխուի։
- 8Նորա օրերը պակասին. Եւ նորա պաշտօնն ուրիշը առնէ։
- 9Նորա որդիքը որբ լինեն, եւ նորա կինն այրի լինի.
- 10Եւ նորա որդիքն աստանդական թափառեն եւ մուրան, եւ հաց ուզեն իրանց աւերակ բնակարանների միջից։
- 11Փոխ տուողն առնէ նորա բոլոր ունեցածը, եւ օտարները յափշտակեն նորա վաստակը։
- 12Մէկը չ’լինի որ նորան գթութիւն ցոյց տայ. Եւ մէկն էլ չ’ողորմէ նորա որբերի վերայ։
- 13Նորա զաւակները սատակեն. նորանց անունը ջնջուի երկրորդ սերունդի մէջ։
- 14Նորա հայրերի անօրէնութիւնը յիշուի Տիրոջ առաջին, եւ նորա մօր մեղքը չ’ջնջուի։
- 15Ամեն ժամանակ Տիրոջ առաջին լինի եւ նա ջնջէ երկրիցը նորա յիշատակը։
- 16Նորա համար որ չ’յիշեց ողորմութիւն անելը. Այլ խեղճ եւ աղքատ եւ սրտով մաշուած մարդին հալածեց որ սպանէ։
- 17Անէծք սիրեց եւ նա կ’հասնէ նորան. Եւ օրհնութիւն չ’կամեցաւ, եւ նա հեռու կ’լինի նորանից։
- 18Անէծքը հագաւ ինչպէս հանդերձ. Եւ նա ջրի պէս կ’մտնէ նորա փորը, եւ ձէթի պէս նորա ոսկորների մէջ։
- 19Նորան այնպէս լինի ինչպէս իր հագնելիս հանդերձը՝ եւ ինչպէս իր միշտ կապելիս գօտին։
- 20Սա վարձք լինի Տիրոջ կողմիցը իմ հակառակորդներին՝ եւ իմ անձի համար չար խօսողներին։
- 21Բայց դու, Տէր Եհովայ, արա ինձ քո անունի համեմատ, որովհետեւ քո ողորմութիւնը բարի է. Փրկիր ինձ։
- 22Որովհետեւ ես խեղճ եմ եւ աղքատ, եւ իմ սիրտը խոցուած է իմ ներսումը։
- 23Ես անց եմ կենում ինչպէս երկարացած շուք, վայր եմ թափվում ինչպէս մարախ։
- 24Իմ ծունկերը տկարացան ծոմից եւ մարմինս մաշուեցաւ իր պարարտութիւնիցը։
- 25Ես նախատինք եղայ նորանց առաջին, ինձ տեսնում եւ շարժում են իրանց գլուխները։
- 26Օգնիր ինձ, Տէր՝ իմ Աստուած. Փրկիր ինձ քո ողորմութեան պէս,
- 27Որ իմանան որ սա քո ձեռքն է, որ դու Տէրդ արիր այս։
- 28Նորանք անիծում են, բայց դու օրհնիր. Նորանք վեր են կենում ինձ դէմ ու կ’ամաչեն, բայց քո ծառան ուրախ կ’լինի։
- 29Թող ամօթ հագնեն իմ հակառակողները եւ իրանց ամօթը վերարկուի պէս իրանց վերայ առնեն։
- 30Ես շատ գոհանամ Տէրիցն իմ բերանովը. Եւ շատերի մէջ օրհնեմ նորան։
- 31Որովհետեւ նա կանգնում է աղքատի աջ կողմին, որ նորան փրկէ նորանցից որ դատապարտում են նորա անձը։
