ՍԱՂՄՈՍ112
- 1Ալէլուիա։ Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է։
- 2Նորա զաւակը զօրաւոր կ’լինի երկրի վերայ. ուղիղների ցեղը կ’օրհնուի։
- 3Ապրանք եւ հարստութիւն կ’լինի նորա տանը. Եւ նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան։
- 4Խաւարի մէջ լոյս է ծագում ուղիղների համար. Ողորմած, գթած եւ արդար է։
- 5Երանի այն մարդին որ ողորմած է եւ փոխ է տալիս, եւ իր բանը շինում է իրաւունքով.
- 6Որովհետեւ նա տեղիցը յաւիտեան չի շարժուիլ. յաւիտենական յիշատակի համար կ’լինի արդարը։
- 7Չար համբաւից չի վախենալ. Նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ։
- 8Նորա սիրտը հաստատուած է եւ չի վախենալ, մինչեւ որ նայի իր նեղիչների վերայ։
- 9Նա փռեց եւ աղքատներին տուաւ. նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան. նորա եղջիւրը կ’բարձրանայ փառքով։
- 10Ամբարիշտը կ’տեսնէ եւ կ’բարկանայ. իր ատամները կ’կրճտեցնէ եւ կ’հալուի. ամբարիշտների ցանկութիւնը կ’կորչի։
