ՍԱՂՄՈՍ25
- 1Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
- 2Իմ Աստուած, քեզ եմ յուսացած, թող չ’ամաչեմ. թող իմ թշնամիները չ’ուրախանան ինձ վերայ։
- 3Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. Բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները։
- 4Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։
- 5Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. Քեզ եմ յոյս դրել ամեն օր։
- 6Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան։
- 7Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. Այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։
- 8Բարի եւ ուղիղ է Տէրը. Սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը։
- 9Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. Եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։
- 10Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար։
- 11Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է։
- 12Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կ’սովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել է։
- 13Նորա անձը բարութեան մէջ կ’բնակուի. Եւ նորա սերունդը երկիրը կ’ժառանգէ։
- 14Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. Եւ իր ուխտը սովորեցնում է նորանց։
- 15Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կ’հանէ իմ ոտքերը որոգայթից։
- 16Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես։
- 17Սրտիս նեղութիւնները շատ են. Հանիր ինձ իմ վիշտերիցը։
- 18Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։
- 19Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. Եւ անիրաւ ատելութիւնով ատում են ինձ։
- 20Պահիր իմ անձը եւ փրկիր ինձ. Թող չ’ամաչեմ. Որովհետեւ քեզ եմ յուսացած։
- 21Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. Որովհետեւ քեզ եմ սպասում։
- 22Ով Աստուած, փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը։
