ՍԱՂՄՈՍ29
- 1Դաւիթի Սաղմոս։ Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։
- 2Տուէք Տիրոջը իր անունի փառքը. Երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։
- 3Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է։
- 4Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։
- 5Տիրոջ ձայնը փշրում է մայրերը, եւ Տէրը փշրում է Լիբանանի մայրերը։
- 6Եւ նորանց վեր վեր է վազել տալիս հորթերի նման, Լիբանանին եւ Սարիօնին ինչպէս գոմէշի հորթ։
- 7Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։
- 8Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տէրը դողացնում է Կադէս անապատը։
- 9Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. Եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան։
- 10Տէրը նստում է ջրհեղեղի վերայ. Եւ Տէրը թագաւոր կ’նստի յաւիտեան։
- 11Տէրը զօրութիւն կ’տայ իր ժողովրդին. Տէրը կ’օրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով։
