ՍԱՂՄՈՍ32
- 1Դաւիթի Երգ։ Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։
- 2Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չ’կայ նորա հոգիի մէջ։
- 3Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։
- 4Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. Իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ։ (Սէլա։)
- 5Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չ’ծածկեցի. Ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. Եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։)
- 6Սորա համար ամեն բարեպաշտ աղօթք կ’անէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը. Իրաւի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնիլ նորանց վերայ։
- 7Դու ես իմ ապաստանը. Նեղութիւնից կ’պահես ինձ. փրկութեան երգերով կ’պատես ինձ։ (Սէլա։)
- 8Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. Կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի։
- 9Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չ’ունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չ’մօտենան քեզ։
- 10Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կ’պատէ նորան։
- 11Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։
