ՍԱՂՄՈՍ33
- 1Ցնծացէք Տէրով, ով արդարներ. Ուղիղներին վայելում է օրհնութիւն։
- 2Գոհացէք Տէրիցը քնարով. տասը թելաւոր սաղմոսարանով սաղմոս երգեցէք նորան։
- 3Նոր երգ երգեցէք նորան. քնարը լավ ածեցէք ցնծութեան բարձր աղաղակով:
- 4Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են:
- 5Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը:
- 6Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ նորա բերանի հոգովը նորա բոլոր զօրքերը:
- 7Նա ժողովում է ծովի ջուրերը ինչպէս դէզ, եւ անդունդները դնում է ամբարներում:
- 8Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:
- 9Որովհետեւ նա ասեց եւ եղաւ. նա հրամայեց եւ հաստատուեցաւ:
- 10Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները:
- 11Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ:
- 12Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան:
- 13Տէրը մտիկ է անում երկնքիցը. տեսնում է մարդկանց ամեն որդիքը:
- 14Իրան բնակութեան վայրիցը նայում է երկրի ամեն բնակիչների վերայ:
- 15Նորանց ամենի սիրտը ստեղծողը, նորանց ամեն գործքերը տեսնողը:
- 16Թագաւորը չէ փրկվում զօրքի շատութիւնով, եւ հսկան չէ պրծնում շատ զօրութիւնով:
- 17Սուտ է ձին փրկութեան համար. եւ իր շատ զօրութիւնովը չէ ազատում:
- 18Ահա Տիրոջ աչքը նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում.
- 19Որ փրկէ նորանց անձերը մահիցը, եւ սովի ժամանակին նորանց կերակրէ:
- 20Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. նա է մեր օգնութիւնն ու պահապանը:
- 21Որովհետեւ նորանով է ուրախանում մեր սիրտը. որ մենք նորա սուրբ անունին ենք յուսացած:
- 22Տէր, քո ողորմութիւնը լինի մեզ վերայ՝ ինչպէս որ սպասում ենք քեզ:
