ՍԱՂՄՈՍ35
  • 1Դաւիթի (Սաղմոս)։ Հակառակիր, Տէր, ինձ հակառակողների հետ, եւ կռուիր ինձ հետ կռուողների հետ։
  • 2Վեր առ զէնքն ու վահանը, եւ վեր կաց ինձ օգնելու համար։
  • 3Հանիր գեղարդը եւ փակիր ճանապարհը իմ հալածողների դէմ. Ասիր իմ անձին՝ Քո փրկութիւնը ես եմ։
  • 4Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը որոնողները. թող յետ դառնան եւ ամօթ լինին ինձ դէմ չար խորհողները։
  • 5Նորանք քամիի առաջի մղեղի պէս լինին. Եւ Տիրոջը հրեշտակը հալածէ նորանց։
  • 6Նորանց ճանապարհը խաւար եւ գայթակղութիւն լինի. Եւ Տիրոջ հրեշտակը նեղէ նորանց։
  • 7Որովհետեւ զուր տեղը փոս՝ որոգայթ շինեցին ինձ բռնելու համար. Զուր տեղը հոր փորեցին իմ անձի համար։
  • 8Թող աւերում հասնէ նորան յանկարծակի. նորա լարած որոգայթը իրան բռնէ. Աւերումով նորա մէջ ընկնէ։
  • 9Բայց իմ անձը պիտի ցնծայ Տէրովը, եւ ուրախանայ նորա փրկութիւնովը։
  • 10Իմ ամեն ոսկորները պիտի ասեն. Տէր, ո՞վ է քեզ նման՝ որ փրկում ես խեղճին իրանից զօրաւորիցը, եւ տնանկին ու աղքատին իրան յափշտակողիցը։
  • 11Սուտ վկաներ են վեր կենում, իմ չ’գիտացած բանը հարցնում են ինձանից։
  • 12Չար են հատուցանում ինձ բարիի տեղ՝ իմ անձն անժառանգ անելով։
  • 13Բայց ես քուրձ էի հագնում՝ նորանք հիւանդանալիս. Իմ անձը ծոմով չարչարում էի. Բայց իմ աղօթքը իմ ծոցն է դառնում։
  • 14Ես նորանց հետ վարվում էի ինչպէս իմ բարեկամի եւ իմ եղբօր հետ. Եւ տրտմութեամբ ցածանում էի իր մօր համար սուգ անողի նման։
  • 15Սակայն ես սխալուելիս՝ նորանք ուրախանում են եւ ժողովվում. Ժողովվում ինձ վերայ, որ խոցեն ինձ, եւ ես չ’գիտէի. հայհոյում են եւ չեն դադարում։
  • 16Խնջոյքի նուաստ ծաղրածուների հետ իրանց ատամները կրճտացնում են ինձ վերայ։
  • 17Տէր, մինչեւ ե՞րբ ես մտիկ տալու. Ապրեցրու իմ անձը նորանց կորստիցը, իմ կեանքն՝ առիւծի կորիւններիցը։
  • 18Կ’գոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կ’փառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ։
  • 19Թող չ’ուրախանան ինձ վերայ զուր տեղը ինձ թշնամութիւն անողները, եւ աչքով չ’անեն՝ ինձ առանց պատճառի ատողները։
  • 20Որովհետեւ նորանք խաղաղութիւն չեն խօսում. Բայց նենգաւոր բաներ են մտածում երկրի վերայ հանգիստ լինողների դէմ։
  • 21Եւ իրանց բերանը բաց են անում լայնարձակ ինձ վերայ եւ ասում. Վա՜հ վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան։
  • 22Դու տեսար, Տէր, լուռ մի կենար. Տէր, մի հեռանար ինձանից։
  • 23Զարթիր եւ վեր կաց՝ ինձ իրաւունք անելու համար, ով իմ Աստուած եւ իմ Տէր, ինձ դատաստան անելու համար։
  • 24Դատաստան արա ինձ քո արդարութեան պէս, ով Տէր՝ իմ Աստուած, եւ թող չ’ուրախանան ինձ վերայ։
  • 26Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ նեղութեան պատճառով ուրախացողները. Թող ամօթ եւ անարգանք հագնեն ինձ վերայ պարծենցողները.
  • 27Թող ցնծան եւ ուրախ լինին նորանք, որ հաւանում են իմ արդարութեանը, եւ միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի, որ կամենում է իր ծառայի խաղաղութիւնը։
  • 28Եւ իմ լեզուն թող պատմէ քո արդարութիւնը, եւ ամեն օր քո գովասանքը։
← Ցանկ