ՍԱՂՄՈՍ36
- 1Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ՝ Դաւիթի (Սաղմոս)։ Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թէ Աստուծոյ վախը չ’կայ նորա աչքի առաջին։
- 2Որովհետեւ քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ։
- 3նորա բերանի խօսքերը անօրէնութիւն եւ նենգութիւն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց եւ բարի գործելուց։
- 4Անօրէնութիւն է մտածում իր անկողնումը. Կանգնած է այն ճանապարհի վերայ՝ որ բարի չէ. Եւ չար գործելուցը չէ զզվում։
- 5Տէր, քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը։
- 6Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. Եւ քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. Դու ես փրկում մարդկանց եւ անասուններին, Տէր։
- 7Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակն են ապաւինած։
- 8Նորանք լիանում են քո տան պարարտութիւնը. Եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց։
- 9Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. Եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս։
- 10Շարունակիր քո ողորմութիւնը քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝ սրտով ուղիղների վերայ։
- 11Թող ամբարտաւանի ոտքը իմ վերայ չ’գայ. Եւ ամբարշտի ձեռքն ինձ չ’շարժէ տեղիցս։
- 12Այնտեղ վայր կ’ընկնեն անօրէնութիւն գործողները. Դէն կ’գցուին եւ էլ չեն կարողանալ վեր կենալ։
