ՍԱՂՄՈՍ38
  • 1Դաւիթի Սաղմոս. Յիշատակի համար։ Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։
  • 2Որովհետեւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծանրացաւ ինձ վերայ։
  • 3Չ’կայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չ’կայ իմ մեղքի համար։
  • 4Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. Ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ։
  • 5Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։
  • 6Ես կռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր։
  • 7Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չ’կայ իմ մարմնումը։
  • 8Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։
  • 9Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. Եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։
  • 10Սիրտս դողում է. Զօրութիւնս թողել է ինձ. Եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։
  • 11Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. Եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց։
  • 12Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում։
  • 13Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում։
  • 14Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չ’կայ։
  • 15Որովհետեւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. Դու պատասխան կ’տաս, ով Տէր՝ իմ Աստուած։
  • 16Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չ’ուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան։
  • 17Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. Եւ իմ ցաւը միշտ առաջս է։
  • 18Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. Եւ տրտմում եմ իմ մեղքի համար։
  • 19Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. Եւ ինձ զուր ատողները շատ են։
  • 20Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի։
  • 21Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից։
  • 22Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ։
← Ցանկ