ՍԱՂՄՈՍ40
- 1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դէպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։
- 2Եւ ինձ հանեց կորստի հորիցը՝ տիղմոտ ցեխիցը, եւ վէմի վերայ կանգնացրեց ոտներս, եւ գնացքս հաստատեց։
- 3Եւ նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. շատերը կ’տեսնեն եւ կ’վախենան եւ Տիրոջը կ’յուսան։
- 4Երանի այն մարդին որ նա իր յոյսը Տէրն է շինում, եւ ամբարտաւաններին ու ստութեան հետեւողներին չէ դառնում։
- 5Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. Եւ քո խորհուրդները մեզ վերայ են. Ոչ ով քեզ հաւասար չէ. Կ’պատմէի եւ կ’խօսէի նորանց, բայց համարից շատ են։
- 6Պատարագի եւ ընծայի չ’հաւանեցիր, բայց ականջներս բաց արիր. Ողջակէզ ու մեղքի համար պատարագ չ’պահանջեցիր.
- 7Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար.
- 8Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. Եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։
- 9Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. Ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես.
- 10Քո արդարութիւնը չեմ թագցնում սրտիս մէջ. Քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի. Քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։
- 11Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։
- 12Որովհետեւ անթիւ չարիք պատեցին ինձ. իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. Աւելի շատ են իմ գլխի մազերիցը. Եւ իմ սիրտը թողեց ինձ։
- 13Տէր, հաճիր ինձ փրկելու. Տէր, շուտ արա՝ ինձ օգնիր։
- 14Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը կորցնել խնդրողները. Թող ետ դառնան եւ խայտառակ լինին իմ չարն ուզողները։
- 15Իրանց ամօթի պատճառովը պիտի զարհուրին նորանք, որ ինձ ասում են Վահ վահ։
- 16Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. Թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։
- 17Բայց ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. Իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։
