ՍԱՂՄՈՍ41
- 1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. Նեղութեան օրումը Տէրը կ’փրկէ նորան։
- 2Տէրը կ’պահէ նորան եւ կ’ապրեցնէ նորան. Նա երանելի կ’լինի երկրի վերայ. իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան։
- 3Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում. Դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը։
- 4Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. Որովհետեւ քո առաջին մեղանչեցի։
- 5Իմ թշնամիները չար են խօսում ինձ վերայ, ասելով. Նա ե՞րբ կ’մեռնի եւ անունը՝ կ’կորչի.
- 6Եւ եթէ մինը ինձ տեսնելու է գալիս՝ ունայնութիւն է խօսում. Նորա սիրտն անօրէնութիւն է հաւաքում իրանում, եւ դուրս է գնում ու ասում ուրիշին։
- 7Ինձ ատողները միասին փսփսում են ինձ վերայ, եւ չարութիւն են հնարում ինձ դէմ։
- 8Անօրէնութեան բան հասաւ նորա վերայ, եւ որ վայր ընկնի այլ եւս վեր չի կենալ։
- 9Իմ յատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ։
- 10Բայց դու, Տէր, ողորմիր ինձ եւ կանգնեցրու ինձ, եւ ես կ’հատուցանեմ նորանց։
- 11Սորանով ճանաչում եմ որ դու ինձ հաճութիւն ունիս, որ թշնամիս չ’պարծենայ ինձ վերայ։
- 12Բայց դու ինձ կ’պահպանես իմ անարատութեան մէջ. Եւ ինձ քո երեսի առաջին կ’կանգնեցնես յաւիտեան։
- 13Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն։
