ՍԱՂՄՈՍ44
- 1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Երգ։ Ով Աստուած, մեր ականջներովը լսեցինք. մեր հայրերը պատմեցին մեզ այն գործը, որ դու գործեցիր նորանց օրերումը՝ այն առաջի ժամանակներումը։
- 2Դու քո ձեռքովը հեթանոսներին դուրս հանեցիր եւ նորանց տնկեցիր. Չարչարեցիր ազգերը եւ նորանց փռեցիր։
- 3Որովհետեւ ոչ թէ իրանց սրովը ժառանգեցին երկիրը, եւ ոչ իրանց բազուկը փրկեց իրանց. Այլ քո աջը եւ քո բազուկը եւ քո երեսի լոյսը. որովհետեւ հաւանեցիր նորանց։
- 4Դու ես իմ թագաւորը, ով Աստուած. Հրամայեցիր Յակոբի փրկութիւնների համար։
- 5Քեզանով գետինը գցեցինք մեր թշնամիներին. Քո անունովը կոխ տուինք մեզ դէմ վեր կենողներին։
- 6Որովհետեւ ես իմ աղեղին չեմ յուսացել, եւ իմ սուրը չէ փրկում ինձ։
- 7Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներիցը, եւ ամօթ ես անում մեզ ատողներին։
- 8Աստուծով կ’պարծենանք ամեն օր, եւ քո անունիցը կ’գոհանանք յաւիտեան։ (Սէլա։)
- 9Բայց հիմա դէն գցեցիր եւ ամօթ արիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ։
- 10Դու մեզ ետ ես դարձնում թշնամիիցը, եւ մեզ ատողները յափշտակում են մեզ իրանց համար։
- 11Դու արիր մեզ՝ որ ոչխարի պէս կերակուր լինինք, եւ ցրուեցիր մեզ հեթանոսների մէջ։
- 12Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չ’հարստացար նորանց գնովը։
- 13Դու մեզ նախատինք ես դնում մեր հարեւանների առաջին, ծաղր եւ խայտառակութիւն մեր չորս կողմում լինողների առաջին։
- 14Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ գլուխ շարժելու պատճառ՝ ազգերի մէջ։
- 15Ամեն օր իմ նախատինքը իմ առաջին է. Եւ իմ երեսի ամօթը ծածկում է ինձ,
- 16Նախատողի եւ հայհոյողի ձայնիցը, թշնամիին եւ վրէժխնդրի երեսիցը։
- 17Այս ամենը եկաւ մեզ վերայ, եւ քեզ չ’մոռացանք, եւ քո ուխտը չ’քանդեցինք։
- 18Մեր սիրտը ետ չ’դարձաւ, եւ մեր գնացքը չ’ծռուեցաւ քո ճանապարհիցը.
- 19Թէեւ փշրեցիր մեզ չագալների տեղումը, եւ ծածկեցիր մեզ մահի շուքովը։
- 20Եթէ մոռացած լինէինք մեր Աստուծոյ անունը, եւ մեր ձեռքերը մեկնած լինէինք դէպի օտար Աստուած.
- 21Չէ՞ որ Աստուած կ’քննէր այս բանը. Որովհետեւ նա գիտէ սրտի գաղտնիքները։
- 22Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում։
- 23Զարթնիր, ի՞նչու ես քնած, ով Տէր. Վեր կաց, դէն մի գցիր իսպառ։
- 24Ի՞նչու ես թագցնում քո երեսը, եւ մոռանում մեր խեղճութիւնը եւ նեղութիւնը։
- 25Որովհետեւ մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ։
- 26Վեր կաց մեզ օգնութեան, եւ փրկիր մեզ քո ողորմութեան համար։
