ՍԱՂՄՈՍ45
  • 1Երգողների գլխաւորին. Շօշանիմով. Կորխի որդկանց. Քերթուած. Սէրի երգ։ Սիրտս բարի խօսք է բղխում. Ես ասում եմ՝ թէ իմ քերթուածը թագաւորի համար է. Իմ լեզուն ճարտար դպրի գրիչն է։
  • 2Դու մարդկանց որդիներիցը գեղեցկագոյն ես. Շնորհք է թափուած քո շրթունքների վերայ. Սորա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան։
  • 3Սուրդ մէջքդ կապիր ով Հզօր. Նա է քո պատիւը եւ քո փառքը։
  • 4Եւ քո փառքովը յաջողուիր, եւ ձի հեծիր ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար. Եւ քո աջ ձեռքը թող ահաւոր բաներ սովորեցնէ քեզ։
  • 5Քո նետերը սրուած են. Ազգերը քո տակն են ընկնում. Նորանք թագաւորի թշնամիների սիրտն են մտնում։
  • 7Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը. Սորա համար, ով Աստուած, օծեց քեզ քո Աստուածը ուրախութեան իւղովը աւելի քան քո ընկերներին։
  • 8Քո հանդերձները իսպառ զմուռս եւ հալուէ է եւ կասիա են. Փղոսկրեայ պալատներիցը ուրախացնում են քեզ նուագարանով.
  • 9Թագաւորների աղջիկները քո պատուականների մէջ են. Թագուհին կանգնած է քո աջ կողմը Ոփիրի ազնիւ ոսկիովը։
  • 10Լսիր, աղջիկ, եւ տես, խոնարհեցրու քո ականջը. Եւ մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը։
  • 11Եւ ապա թագաւորը կ’ցանկանայ քո գեղեցկութեանը. Որովհետեւ նա է քո տէրը, երկրպագութիւն արա նորան։
  • 12Եւ Տիւրոսի աղջիկը ընծայով կ’ներկայանայ. Կ’խնդրեն քո երեսը ժողովրդի հարուստները։
  • 13Թագաւորի աղջիկը իսպառ փառաւոր է ներսումը. Նորա հանդերձը ոսկեհուռ է.
  • 14Պաճուճեալ զարդարանքով ներս կ’տարուի թագաւորի մօտ. Նորա ետեւիցը եկող աղջիկ ընկերները ներս կ’տարուին քեզ մօտ։
  • 15Ներս կ’տարուին ուրախութիւնով եւ ցնծութիւնով. Եւ թագաւորի պալատը կ’մտնեն։
  • 16Քո հայրերի տեղ քո որդիքը կ’լինին, եւ իշխաններ կ’դնես նորանց ամեն երկրի վերայ։
  • 17Ես կ’յիշեմ քո անունը ազգից մինչեւ ազգ. Սորա համար ժողովուրդները կ’փառաւորեն քեզ յաւիտեանս յաւիտենից։
← Ցանկ