ՍԱՂՄՈՍ48
- 1Երգ. Կորխի որդկանց Սաղմոս։ Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. մեր Աստուծոյ քաղաքումը՝ իր սուրբ սարի վերայ։
- 2Գեղեցիկ բարձրութիւն՝ բոլոր երկրի ուրախութիւնն է Սիօն սարը, հիւսիսի կողմումն, մեծ Թագաւորի քաղաքը։
- 3Աստուած յայտնի է նորա պալատներումն իբրեւ ապաւէն։
- 4Որովհետեւ ահա թագաւորները ժողովուեցան եւ իրար հետ անց կացան։
- 5Նորանք տեսան եւ զարմացան, շփոթուեցան եւ շուտով փախան։
- 6Դողալը բռնեց նորանց այնտեղ եւ սաստիկ ցաւ՝ ինչպէս ծննդականի։
- 7Դու արեւելեան հողմով փշրում ես Թարսիսի նաւերը։
- 8Ինչպէս որ լսեցինք այնպէս էլ տեսանք Զօրաց Տիրոջ քաղաքումը՝ մեր Աստուծոյ քաղաքումը. Աստուած հաստատում է նորան մինչեւ յաւիտեան։ (Սէլա։)
- 9Ով Աստուած, մենք մտածում ենք քո ողորմութեան վերայ, քո տաճարի մէջ։
- 10Ինչպէս քո անունը, ով Աստուած, այնպէս էլ քո գովութիւնն է մինչեւ երկրի ծայրերը. Արդարութիւնով լիքն է քո աջը։
- 11Թող ուրախ լինի Սիօն սարը. Եւ Յուդայի աղջիկները ցնծան քո դատաստաններովը։
- 12Գնացէք Սիօնի չորս կողմովը, եւ նորան շրջապատեցէք. Համարեցէք նորա աշտարակները։
- 13Ուշադրութիւն արէք նորա բերդերին. Քննեցէք նորա պալատները, որ պատմէք գալու ազգին.
- 14Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. Սա կ’առաջնորդէ մեզ մինչեւ ի մահ։
