ՍԱՂՄՈՍ50
  • 1Ասափի Սաղմոս։ Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. Եւ կանչում է երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը։
  • 2Սիօնի միջիցը՝ գեղեցկութեան կատարելութիւնիցը Աստուած փայլում է.
  • 3Մեր Աստուածը կ’գայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ։
  • 4Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ։
  • 5Ժողովեցէք ինձ մօտ իմ սրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով։
  • 6Եւ երկինքը կ’պատմէ նորա արդարութիւնը. Որովհետեւ Աստուած դատաւոր է։ (Սէլա։)
  • 7Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. Ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. ես եմ Աստուած, քո Աստուածը։
  • 8Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են։
  • 9Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը։
  • 10Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները։
  • 11Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են։
  • 12Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը։
  • 13Մի՞թէ ես արջառների միս կ’ուտեմ եւ այծերի արիւն կ’խմեմ։
  • 14Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը,
  • 15Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կ’ազատեմ քեզ, եւ դու կ’փառաբանես ինձ։
  • 16Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։
  • 17Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։
  • 18Եթէ գող ես տեսնում, նորա հետ ես գնում. Եւ քո բաժինը շնացողների հետ է։
  • 19Բերանդ չարութեան ես տալիս, եւ լեզուդ նենգութիւն է հնարում։
  • 20Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. Քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում։
  • 21Այս բաներն արիր դու եւ ես լուռ կացի. կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. Բայց կ’յանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կ’դնեմ։
  • 22Միտք արէք այս, ով Աստուծուն մոռացողներ, մի գուցէ ես յափշտակեմ, եւ ոչ ոք չ’լինի որ փրկէ։
  • 23Գոհութիւն պատարագ մատուցանողը փառաւորում է ինձ. Եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կ’տամ Աստուծոյ փրկութիւնը։
← Ցանկ