ՍԱՂՄՈՍ50
- 1Ասափի Սաղմոս։ Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. Եւ կանչում է երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը։
- 2Սիօնի միջիցը՝ գեղեցկութեան կատարելութիւնիցը Աստուած փայլում է.
- 3Մեր Աստուածը կ’գայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ։
- 4Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ։
- 5Ժողովեցէք ինձ մօտ իմ սրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով։
- 6Եւ երկինքը կ’պատմէ նորա արդարութիւնը. Որովհետեւ Աստուած դատաւոր է։ (Սէլա։)
- 7Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. Ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. ես եմ Աստուած, քո Աստուածը։
- 8Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են։
- 9Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը։
- 10Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները։
- 11Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են։
- 12Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը։
- 13Մի՞թէ ես արջառների միս կ’ուտեմ եւ այծերի արիւն կ’խմեմ։
- 14Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը,
- 15Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կ’ազատեմ քեզ, եւ դու կ’փառաբանես ինձ։
- 16Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։
- 17Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։
- 18Եթէ գող ես տեսնում, նորա հետ ես գնում. Եւ քո բաժինը շնացողների հետ է։
- 19Բերանդ չարութեան ես տալիս, եւ լեզուդ նենգութիւն է հնարում։
- 20Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. Քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում։
- 21Այս բաներն արիր դու եւ ես լուռ կացի. կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. Բայց կ’յանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կ’դնեմ։
- 22Միտք արէք այս, ով Աստուծուն մոռացողներ, մի գուցէ ես յափշտակեմ, եւ ոչ ոք չ’լինի որ փրկէ։
- 23Գոհութիւն պատարագ մատուցանողը փառաւորում է ինձ. Եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կ’տամ Աստուծոյ փրկութիւնը։
