ՍԱՂՄՈՍ51
- 1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երբոր Նաթան մարգարէն նորա մօտ եկաւ՝ երբոր նա Բերսաբէի մօտ էր մտել։ Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. Եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։
- 2Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։
- 3Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։
- 4Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։
- 5Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։
- 6Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. Եւ ծածուկ տեղը իմաստութիւն կ’սովորեցնես ինձ։
- 7Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կ’լինիմ. Լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կ’լինիմ։
- 8Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր։
- 9Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր։
- 10Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։
- 11Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։
- 12Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ։
- 13Ապա անօրէններին կ’սովորեցնեմ քո ճանապարհները. Եւ մեղաւորները ետ կ’դառնան քեզ մօտ։
- 14Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. Եւ իմ լեզուն կ’փառաբանէ քո արդարութիւնը։
- 15Տէր, բաց արա իմ շրթունքները. Եւ իմ բերանը կ’պատմէ քո գովութիւնը։
- 16Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կ’տայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։
- 17Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։
- 18Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր։
- 19Այն ժամանակ հաճոյ կ’լինին քեզ արդարութեան պատարագները՝ ողջակէզներն ու մատաղները. Այն ժամանակ արջառներ կ’մատուցանեն քո սեղանի վերայ։
