ՍԱՂՄՈՍ52
- 1Երգողների գլխաւորին. Դաւիթի Երգ։ Երբոր Դովեկ Եդովմացին եկաւ եւ Սաւուղին պատմեց եւ նորան ասեց թէ Դաւիթն Աքիմելէքի տունն եկաւ։ Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ։
- 2Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում։
- 3Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։)
- 4Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։
- 5Աստուած էլ կ’կործանէ քեզ յաւիտեան. կ’խլէ եւ կ’հանէ քեզ քո բնակարանիցը. Եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)
- 6Եւ արդարները կ’տեսնեն եւ կ’վախենան, եւ նորա վերայ կ’ծիծաղեն։
- 7Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չ’արաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացած եւ իր չարութիւնովը զօրացաւ։
- 8Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. Ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից։
- 9Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. Եւ քո անունիդ սպասեմ. որովհետեւ բարի է քո սրբերի առաջին։
