ՍԱՂՄՈՍ65
  • 1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երգ։ Ով Աստուած, քեզ սպասում է հանգստութիւնով օրհնաբանութիւն Սիօնի մէջ. Եւ քեզ ուխտ են հատուցանում։
  • 2Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս։
  • 3Անօրէնութիւնները զօրացան ինձ վերայ, մեր ամբարշտութիւնները դու քաւում ես։
  • 4Երանի նորան՝ որ դու ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. Թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը։
  • 5Զարհուրելի կերպով՝ արդարութիւնով կ’պատասխանես մեզ, ով մեր փրկութեան Աստուած, որ երկրի ամեն ծայրերի եւ ծովի հեռաւոր տեղերում բնակողների յոյսն ես։
  • 6Որ սարերը հաստատում է իր կարողութիւնովը, եւ զօրութիւն է հագած։
  • 7Որ ծովի ձայնը ցածացնում է՝ նորա ալիքների ձայնը եւ ազգերի խռովութիւնը։
  • 8Որ քո նշաններիցը վախենան երկրի ծայրերումը բնակողները, որ ուրախացնում ես առաւօտեան եւ իրիկուան ելքը։
  • 9Դու տես ես գալիս երկրին եւ խմեցնում ես նորան. Շատ հարստացնում ես նորան. Աստուծոյ գետը լիքն է ջրով. Ցորեն ես պատրաստում նորանց համար. Որովհետեւ այսպէս պատրաստեցիր նորան։
  • 10Դու խմեցնում ես նորա ակօսներին. Ցածացնում ես նորա վարածը. Անձրեւով կակղացնում ես նորան եւ օրհնում ես նորա բուսածը։
  • 11Դու պսակում ես տարին քո բարիքներովը, եւ քո հետքերը պարարտութիւն են կաթեցնում։
  • 12Պարարտ են անապատի դաշտերը. Եւ բլուրները ցնծութիւն են հագած։
  • 13Արօտները հագուած են ոչխարներով, եւ հովիտները ծածկուած են ցորենով. Աղաղակում են ցնծութիւնով եւ երգում։
← Ցանկ