ՍԱՂՄՈՍ67
- 1Երգողների գլխաւորին. Նկինօթով. Սաղմոս. Երգ։ Աստուած ողորմէ մեզ եւ օրհնէ մեզ. նա փայլեցնէ իր երեսը մեզ վերայ. (Սէլա։)
- 2Որ քո ճանապարհը ճանաչուի երկրումս, եւ քո փրկութիւնը՝ ամեն ազգերի մէջ։
- 3Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստուած. Թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից։
- 4Թող ժողովուրդներն ուրախանան եւ ցնծան. որովհետեւ դու ժողովուրդներին դատում ես ուղղութիւնով, եւ ազգերին առաջնորդում ես երկրի վերայ։ (Սէլա։)
- 5Թող ժողովուրդները գովեն քեզ, ով Աստուած. Թող ամեն ժողովուրդները գովեն քեզ։
- 6Երկիրն իր պտուղը տուաւ. Թող օրհնէ մեզ Աստուած՝ մեր Աստուածը։
- 7Թող օրհնէ մեզ Աստուած, եւ նորանից վախենան երկրի ամեն ծայրերը։
