ՍԱՂՄՈՍ68
- 1Երգողների գլխաւորին. Դաւիթի սաղմոս. Երգ։ Թող Աստուած վեր կենայ, նորա երեսիցը փախչեն նորան ատողները։
- 2Ինչպէս որ ծուխը փչանում է՝ փչացրու նորանց. ինչպէս որ մոմը հալվում է կրակի առաջին, թող ամբարիշտները կորչեն Աստուծոյ երեսիցը։
- 3Բայց արդարները պիտի ուրախանան եւ ցնծան Աստուծոյ առաջին, եւ զուարճանան ուրախութիւնով։
- 4Երգեցէք Աստուծուն. Սաղմոս ասեցէք նորա անունին. Ճանապարհ պատրաստեցէք անապատի միջովը հեծած եկողին. Եահ է նորա անունը. Եւ ցնծացէք նորա առաջին։
- 5Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։
- 6Աստուած մինակներին բնակեցնում է տան մէջ, գերիներին հանում է յաջողութեան մէջ. Բայց ապստամբուածները բնակվում են չոր տեղում։
- 7Ով Աստուած, դու քո ժողովրդի առաջից գնալիս, անապատի մէջ անց կենալիս, (Սէլա։)
- 8Երկիրը դողաց եւ երկինքը շաղ թափեց Աստուծոյ երեսիցը. Այն Սինա սարն էլ դողաց Աստուծոյ՝ Իսրայէլի Աստուծոյ երեսիցը։
- 9Առատութիւնների անձրեւ տեղացիր, ով Աստուած. քո ժառանգութիւնը՝ որ յոգնած էր՝ դու զօրացրիր։
- 10Քո ժողովուրդը բնակուեց այնտեղ. քո քաղցրութիւնովը կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ով Աստուած։
- 11Տէրը տալիս է խօսքը. Աւետարանողները մեծ բազմութիւն են։
- 12Զօրութիւնների թագաւորները կ’փախչոտեն, բայց տան մէջ բնակող կինը կ’բաժանէ աւարը։
- 13Երբոր մակաղների մէջտեղերումը հանգստանում էք, աղաւնիի թեւերը փայլում են արծաթով պատած, եւ նորանց փետուրները՝ դեղին ոսկիով։
- 14Ամենակարողը թագաւորներին այն երկրումը ցրուելու ժամանակ, փայլուն եղաւ ինչպէս ձիւն Սաղմօնումը։
- 15Ով Աստուծոյ սար, Բասան, ով բարձր եւ պարարտ սար.
- 16Ով բարձր սարեր, ի՞նչու էք նախանձով նայում. սա այն սարն է որ Աստուած նորան հաւանեց նորա վերայ բնակուելու համար. Տէրը յաւիտեան կ’բնակուի նորանում։
- 17Աստուծոյ կառքերը երկու բիւր են՝ հազարապատիկ. Տէրը նորանցում է՝ Սինայումը՝ սրբութեան տեղումը։
- 18Վեր ելար բարձր տեղերը, գերի արիր գերութիւնը. պարգեւներ առիր մարդկանց համար եւ ապստամբուածների համար էլ, որ Աստուած այնտեղ բնակուի։
- 19Օրհնեալ է Տէրը օրէ ցօր. Եթէ բեռ դնելու լինին մեզ վերայ, Աստուած է մեր փրկութիւնը։ (Սէլա։)
- 20Աստուած մեզ համար փրկութեան Աստուած է, եւ Տէր Եհովան ազատում է մահից։
- 21Սակայն Աստուած կ’փշրէ իր թշնամիների գլուխը եւ նորանց մազոտ գագաթը որ դնում են իրանց անօրէնութիւնների մէջ։
- 22Տէրն ասեց. Բասանիցը ետ կ’դարձնեմ նորանց՝ ծովի անդունդիցը ետ կ’դարձնեմ։
- 23Որ քո ոտը արիւնով թրջես եւ քո շների լեզուն թշնամիներիցն իր բաժինը առնէ։
- 24Տեսան քո գնացքը, ով Աստուած. Իմ Աստուծոյ՝ իմ թագաւորի գնացքը սրբութեան մէջ։
- 25Առաջ երգեցողները գնացին, յետոյ նուագածուները՝ թմբուկ ածող կոյս աղջիկների մէջտեղը։
- 26Ժողովուրդների մէջ օրհնեցէք Տէր Աստուծուն, դուք որ Իսրայէլի աղբիւրիցն էք։
- 27Այնտեղ է փոքր Բենիամինը՝ նորանց տիրապետողը. Յուդայի իշխաններն՝ իրանց խումբովը. Զաբուղօնի իշխաններն, Նեփթաղիմի իշխանները։
- 28Քո Աստուածը հաստատեց քո զօրութիւնը. Զօրացրու նորան, ով Աստուած, որ մեզ համար արիր։
- 29Քո տաճարի համար Երուսաղէմումը թագաւորներն ընծայ կ’բերեն քեզ։
- 30Սաստիր եղէգի գազանին, արջառների ժողովքի՝ ազգերի երինջների հետ. որ երեսի վերայ ընկնեն արծաթի կտորներովը. Ցրուիր այն ազգերը որ կռիւ են կամենում։
- 31Իշխաններ կ’գան Եգիպտոսիցը. Եթոպացիքն իրանց ձեռքերը կ’մեկնեն դէպի Աստուած։
- 32Ով երկրի թագաւորութիւններ, երգեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք Տիրոջը. (Սէլա։)
- 33Նորան՝ որ յաւիտենից նստում է երկինքների երկնքի վերայ. Ահա իր ձայնովը զօրաւոր ձայն կ’տայ։
- 34Զօրութիւն տուէք Աստուծուն. Նորա մեծ փառաւորութիւնը Իսրայէլի վերայ, եւ նորա զօրութիւնը ամպերի մէջ է։
- 35Զարմանալի ես քո սրբութեան տեղումը, ով Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Նա զօրութիւն եւ կարողութիւն է տալիս ժողովրդին. Օրհնեալ է Աստուած։
