ՍԱՂՄՈՍ69
  • 1Երգողների գլխաւորին. Շօշանիմի վերայ. Դաւիթի Սաղմոս։ Ապրեցրու ինձ, ով Աստուած, որովհետեւ ջուրերն մինչեւ իմ անձը հասան։
  • 2Խրուեցայ ցեխի մէջ որ յատակ չ’ունի. Ջրերի խոր տեղը մտայ, եւ պտոյտները ինձ կուլ են տալիս։
  • 3Յոգնած եմ իմ աղաղակելովը. Կոկորդս ցամաքեց, աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով։
  • 4Իմ գլխի մազերիցը շատացան ինձ զուր տեղը ատողները. Զօրաւոր են ինձ կորցնել ուզող թշնամիներս. Ինչ որ չեմ յափշտակել՝ նա պէտք է վճարեմ։
  • 5Ով Աստուած, դու գիտես իմ յիմարութիւնը. Եւ իմ յանցանքները քեզանից ծածկուած չեն։
  • 6Թող ինձ համար չ’ամաչեն նորանք՝ որ քեզ սպասում են, ով Տէր՝ Զօրաց Տէր. Թող ինձ համար ամօթ չ’լինին քեզ խնդրողները, ով Իսրայէլի Աստուած։
  • 7Որովհետեւ ես քեզ համար համբերում եմ նախատինքի. Ամօթը ծածկում է իմ երեսը։
  • 8Օտար եղայ իմ եղբայրներին եւ անճանաչ՝ իմ մօր որդկանցը։
  • 9Որովհետեւ քո տան նախանձը կերաւ ինձ, եւ քեզ նախատինք տուողների նախատինքներն ինձ վերայ ընկան։
  • 10Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում. Եւ նախատինք է լինում ինձ։
  • 11Ես իմ հանդերձը քուրձ շինեցի, առակ եղայ նորանց։
  • 12Դռներումը նստողները զրոյց են անում ինձ վերայ. Եւ արբեցնող խմիչքներ խմողների խաղն եմ դառել։
  • 13Բայց ես աղօթք եմ անում քեզ, ով Տէր, ընդունելի ժամանակում. Ով Աստուած, քո առատ ողորմութեան համար լսիր ինձ քո փրկութեան ճշմարտութիւնովը։
  • 14Ապրեցրու ինձ ցեխիցը որ չ’թաղուիմ. Թող փրկուիմ ինձ ատողներիցը եւ խոր ջրերիցը։
  • 15Թող ջրերի պտոյտները չ’յափշտակեն ինձ, եւ անդունդը կուլ չ’տայ ինձ. Եւ հորն իր բերանը չ’խփէ ինձ վերայ։
  • 16Լսիր ինձ, Տէր, որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. Քո շատ ողորմութեան պէս նայիր ինձ վերայ։
  • 17Եւ քո երեսը ետ մի դարձնիր քո ծառայիցը. Որովհետեւ նեղութեան մէջ եմ ես. Շուտով լսիր ինձ։
  • 18Մօտեցիր իմ անձին, փրկիր նորան. Իմ թշնամիների համար ապրեցրու ինձ։
  • 19Դու գիտես իմ նախատինքը եւ իմ ամօթը եւ իմ խայտառակութիւնը. Իմ ամեն նեղացնողներն քո առաջին են։
  • 20Նախատինքը կոտրեց իմ սիրտը՝ եւ ես հիւանդ եղայ. ցաւակցութեան սպասեցի՝ բայց չ’կար. մխիթարիչների՝ բայց չեմ գտնում։
  • 21Եւ կերակուրիս մէջ թոյն են դնում. Եւ ծարաւութեանս մէջ քացախ են խմեցնում ինձ։
  • 22Նորանց սեղանը իրանց առաջին՝ որոգայթ, եւ յաջողութեան տեղ վարմ դառնայ.
  • 23Նորանց աչքերը խաւարուին որ չ’տեսնեն. Եւ նորանց մէջքը միշտ դողացրու։
  • 24Թափիր նորանց վերայ քո զարհուրանքը, եւ քո բարկութեան կրակը հասնէ նորանց վերայ։
  • 25Նորանց բնակարանն աւերակ լինի, եւ նորանց տներումը բնակող չ’լինի։
  • 26Որովհետեւ հալածում են նորան որ դու զարկեցիր. Եւ քո խոցուածների ցաւերի համար պատմութիւնն են անում։
  • 27Մեղք դիր նորանց մեղքի վերայ, որ քո արդարութեանը չ’հասնեն։
  • 28Կենաց գրքիցը ջնջուին նորանք, եւ արդարների հետ չ’գրուին։
  • 29Բայց ես աղքատ եւ ցաւով լիքն եմ. Ով Աստուած, թող քո փրկութիւնը պաշտպանէ ինձ։
  • 30Ես կ’գովեմ Աստուծոյ անունը երգով. Եւ կ’փառաբանեմ նորան գովաբանութիւնով,
  • 31Եւ այս աւելի հաճոյ կ’լինի Տիրոջը քան պարարտ եզը՝ եղջիւրաւորը եւ կճղակաւորը։
  • 32Խեղճերը կ’տեսնեն՝ կ’ուրախանան. ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ։
  • 34Թող գովեն նորան երկինքն ու երկիրը. Ծովերը եւ նորանց մէջ բոլոր զեռացողները։
  • 35Որովհետեւ Տէրը կ’փրկէ Սիօնը եւ Յուդայի քաղաքները կ’շինէ. Եւ կ’բնակուեն այնտեղ եւ կ’ժառանգեն նորան։
  • 36Եւ ծառաների զաւակները կ’վայելեն նորան, եւ նորա անունը սիրողները կ’բնակուեն նորանում։
← Ցանկ