ՍԱՂՄՈՍ72
  • 1Սողոմոնի (Սաղմոս)։ Ով Աստուած, քո իրաւունքները թագաւորին տուր, եւ քո արդարութիւնը թագաւորի որդիին։
  • 2Նա քո ժողովրդին դատէ արդարութիւնով. Եւ քո խեղճերին իրաւունքով։
  • 3Սարերը խաղաղութիւն բուսացնեն ժողովրդի համար եւ բլուրները արդարութիւնով լցուին։
  • 4Նա իրաւունք անէ ժողովրդի աղքատներին. Խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ.
  • 5Վախենան քեզանից քանի որ արեգակը կայ, եւ լուսնի առաջին՝ ազգից մինչեւ ազգ։
  • 6Վայր գայ ինչպէս անձրեւ հնձած խոտի վերայ. ինչպէս շաղ՝ որ ոռոգում է երկիրը։
  • 7Նորա օրերումը ծաղկի արդարը. Եւ շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չ’լինի։
  • 8Եւ նա տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. Եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը։
  • 9Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն։
  • 10Թարսիսի եւ կղզիների թագաւորներն ընծայ մատուցանեն. Շաբայի եւ Սաբայի թագաւորներն պարգեւ բերեն։
  • 11Եւ ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. Ամեն ազգերը ծառայեն նորան։
  • 12Որովհետեւ նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։
  • 13Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։
  • 14Նենգութիւնից եւ բռնութիւնից կ’փրկէ նորանց անձերը. Եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին։
  • 15Եւ նա կ’ապրի եւ կ’տան նորան Շաբայի ոսկիիցը. Եւ աղօթք կ’անեն նորա համար ամեն ժամանակ. Ամեն օր կ’օրհնեն նորան։
  • 16Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ. Նորա պտուղը կ’շարժուի ինչպէս Լիբանանը. Եւ քաղաքիցը կ’ծաղկեն ինչպէս երկրի խոտը։
  • 17Նորա անունը կ’լինի յաւիտեան. Դեռ քանի որ արեգակը կ’կենայ. Նորա անունը կ’մնայ, եւ կ’օրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կ’տան նորան։
  • 18Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Որ մինակ նա է հրաշք անող։
  • 19Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. Եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն։
← Ցանկ